ՀՀ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով, գյուղատնտեսական ապրանքների՝ մսամթերքի և ձվի թանկացումը մենաշնորհային տնտեսության հետևանք է։ «Կարծում եմ, եթե հասարակությունը լավ պայքարի սրա դեմ, գները շատ արագ կիջեցնեն: Պետք է հարց բարձրացվի, թե ովքեր են գերշահույթներ ստանում: Էդ ո՞նց է` պառլամենտում կասեն 7 հոգով 20 հազար անվանում ապրանք են ներկրում, միգուցե այդ 7-ից մեկն էլ հավկի՞թն է ներկրում»,- ասաց Հ. Բերբերյանն անդրադառնալով խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հայտարարությանը:
Հրաչ Բերբերյանի խոսքով` տեղական արտադրողին էլ է ձեռնտու, որ ապրանքների գները բարձրանան: Նա կարծում է, որ այս հարցով պետք է լրջորեն զբաղվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահը կարծիք հայտնեց, որ խանութներում այս թանկացումները կպահպանվեն մինչև հունվար:
Անդրադառնալով մսամթերքի գնի բարձրացման խնդրին, Բերբերյանը նշեց, որ դա անասնագլխի արտահանմամբ չէ պայմանավորված: «Քանի որ Հայաստանում օրենքը չի կարգավորում գյուղացիների արտադրանքի սպառման գործընթացը, վերամշակող ընկերություններն օգտվում են այդ առիթից և գերշահույթ ստանում»,- եզրափակեց նա։