Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագիծը հավակնում է բացահայտել սկսնակ գրողների. մեկնարկում է Գրքի երևանյան փառատոնը

16:05, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Նախագիծը հավակնում է բացահայտել սկսնակ գրողների. մեկնարկում է Գրքի երևանյան փառատոնը

Նոյեմբերի 24-ին կկայանա Գրքի երևանյան փառատոնի ( Yerevan Book Fest ) և գրքի ցուցահանդես-տոնավաճառի բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ՀՀ ԱԳՆ նախկին շենքում:
     Նման փառատոն անցկացվում է առաջին անգամ։ Նպատակը հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելն է, գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:
     Եռօրյա փառատոնը կանցկացվի մի քանի փուլով. գրքի ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասընթացներ, ընթերցանություն և անտիպ գործերի մրցույթ։
     Հայ ժամանակակից գրականության մրցույթը (արձակ, պոեզիա, դրամատուրգիա և մանկապատենական գրականություն) նախագծի հիմնական մասն է։ Ինչպես հայտնում է Մշակույթի նախարարությունը, ստացվել է մասնակցության 133 հայտ։
     Մրցութային չորս անվանակարգերի հաղթողները (1-ին և 2-րդ հորիզոնականներ) կստանան դրամական պարգև. 1-ին տեղի համար՝ 500 հազարական դրամ, 2-րդի համար՝ 300 հազարական դրամ։
     Մրցանակային գումարները կփոխանցվեն հեղինակների ընտրած հրատարակիչներին, որոնք կպարտավորվեն մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը (պետք է ներառված լինեն հայտով ներկայացված ստեղծագործությունները ևս)։ Հաղթողները կորոշվեն մասնագիտական հանձնաժողովի ձայների՝ 60, հանրության ներկայացուցիչների ձայների 40 տոկոսով։
     Նախագիծը հավակնում է բացահայտել նաև տաղանդավոր սկսնակ գրողների և նպաստել նրանց առաջխաղացմանը։
     Հիմնական միջոցառումներից զատ կլինեն նաև երաժշտական ընդմիջումներ։

3353 | 0
Facebook