Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսական «Звезда» հեռուստաալիքը ներողություն է խնդրել

10:55, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ռուսական «Звезда» հեռուստաալիքը ներողություն է խնդրել

Ռուսաստանի զինված ուժերի «Звезда» հեռուստաալիքի նախագահը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից ներողություն է խնդրել ՀՀ առնչությամբ հնչած ոչ կոռեկտ ձևակերպումների և գնահատականների համար՝ դրանք որակելով որպես բացթողում։

Այս մասին հայտնում է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականը՝ նոյեմբերի 21-ի գլխավոր թողարկման եթերում։

ՀՀ դեսպանին ուղղված տեքստում ասվում է. «Հարգելի Վարդան Սուրենի Տողանյան, կիրակի օրը՝ 2017-ի նոյեմբերի 19-ին՝ «Звезда» ազգային հեռուստաընկերության «Прогнозы» հաղորդման ժամանակ, Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը նվիրված հատվածում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան ՀՀ առնչությամբ թույլ է տվել ոչ կոռեկտ ձևակերպումներ և գնահատականներ։ Թույլ տրված սխալի կապակցությամբ ներողություն ենք հայցում․․․»։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Դավիթ Թորգոմյանը հայտնել է, որ հաղորդման եթեր դուրս գալուց հետո իրենք կապ են հաստատել, այնուհետև դեսպանությունում հանդիպել են հեռուստաընկերության ղեկավարության հետ։

«Իրենք նշում են, որ իրենց կողմից դա եղել է բացթողում և թյուրիմացություն․․․ հույս հայտնում հետագա բարիդրացիական հարաբերությունների համար»,– «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հայտնել է Դավիթ Թորգոմյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԶՈւ «Звезда» հեռուստաալիքի եթերում հաղորդավարը ոչ կոռեկտ համեմատություններ էր արել ՀՀ և Ուկրաինայի միջև, Հայաստանին Նժդեհի արձանը կանգնեցնելու համար սուր քննադատության ենթարկել։

4269 | 0
Facebook