Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե քաղաքացին իրազեկված լիներ, որ պետության հաշվին երեխա կարող է ունենալ, ապա դիմողների մեծ հոսք կլիներ». Դ. Իոաննիսյանն՝ անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագրի կասեցման մասին

11:20, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
«Եթե քաղաքացին իրազեկված լիներ, որ պետության հաշվին երեխա կարող է ունենալ, ապա դիմողների մեծ հոսք կլիներ». Դ. Իոաննիսյանն՝ անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագրի կասեցման մասին

2018 թվականի պետական բյուջեով կրճատվելու են մի շարք առողջապահական ծրագրեր և, ընդհանուր առմամբ, նվազելու է առողջապահությանն ուղղված ֆինանսավորումը: Կրճատվող ծրագրերի թվում է նաև անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագիրը:
     Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով, անպտուղ զույգերին ուղղվող ֆինանսական օգնության ծրագիրը հանվել է ծրագրի սղությունից ու անհնարինությունից ելնելով: Նրա խոսքով, տրված գումարը քիչ է, բաշխվում է սուբյեկտիվ, ու ընդհանուր առմամբ արդյունավետ չէ.
     Նշենք, որ այդ ծրագրի համար պետբյուջեից 78 մլն դրամ էր հատկացվում, հիմա խնայելով այդ գումարները դրանք կուղղվեն այլ ծրագրերի իրականացմանը, որոնք, նախարարի համոզմամբ, ավելի արդյունավետ կլինեն:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը սույն խնդրի շուրջ կարծիք հայտնեց, որ պետական միջոցներն, առհասարակ, պետք է ներդնել այն ծրագրերի իրականացմանը, կամ ուղղվեն այն հիվանդությունների դեմ պայքարին, ելնելով նրանից, թե դրանց անհրաժեշտությունն ինչքան է և, ըստ այդմ, որոշեն` որի վրա արժե ավելի շատ միջոցներ հատկացնել: «Բայց խոսելով, առհասարակ, ոլորտի ինտերվենցիայի մասին, ես տեսնում եմ` տեղի է ուենում սոցիալական անարդարության զարգացում: Ով փող ունի կարող է իր առողջապահությունն ապահովել, ով չունի, կներեք արտահայտությանս, թող գնա, մեռնի: Սա բավական խնդրահարույց է: Մյուս կողմից` խոսելով առողջապահության նախարարի մասին, ես պետք է ասեմ` այդ մարդն իր մեջ մարմնավորում է շահերի բախումը: Մի բան, որ պետք է ամբողջությամբ բացառվի մեր պատկերացրած Հայաստանում»,- ասաց Իոաննիսյանը` զարմանալով. «Ո՞նց կարող է մարդն ունենալ բիզնես շահեր և պետության քաղաքականություն համակարգել այդ ոլորտում: Դա անընդունելի է, դա ցանկացած նորմալ երկրի օրենսդրությամբ խստիվ արգելված հանգամանք է: Շահերի բախումը դա մի ահավոր բան է, բայց չգիտես ինչու՝ ՀՀ օրենսդրությամբ արգելված չէ և Հայաստանում շատերը նորմալ են դրան վերաբերվում... Ո՞նց կարող է մարդ հա´մ հիվանդանոց կամ պոլիկլինիկա ունենալ, հա´մ լինել առողջապահության նախարար: Սա շատ լուրջ խնդիր է, որն, իմ կարծիքով, ցույց է տալիս կոռուպցիայի նկատմամբ Հայաստանում ընկալումները»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:
     Անդրադառնալով նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությանը, թե անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագիրը կասեցվում է` ելնելով ծրագրի սղությունից ու անհնարինությունից, բացի այդ, այն նաև անարդյունավետ է, այնուհետև պատասխանելով մեր հարցին, թե արդյոք դրա պատճառներից մեկը ծրագրի մասին քաղաքացիների անտեղյակությունը չէ՞, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահն ասաց. «Իսկապես, հանրության իրազեկված լինելը շատ կարևոր է: Ցանկացած իրականացվող ծրագրերի մասին հանրությունը պետք է պատշաճ իրազեկվի, որպեսզի նման դեպքերում, կարողանա դիմել այդ ծրագրին: Ես կարծում եմ, որ իրազեկ քաղաքացին, եթե իմանար, որ այս ծրագրի շնորհիվ պետության հաշվին երեխա կարող է ունենալ, ապա դիմողների հոսք, իրապես, կլիներ»:
     Հավելենք, որ Աժ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկմանն այս խնդիրը բարձրաձայնեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` կարծիք հայտնելով, որ այս ծրագրին հատկացվող գումարը կարելի էր անվազն քառապատկել մոր և մանկան ոլորտին ֆինանսավորմանն ուղղված միջոցների կրճատման հաշվին: Առավել ևս, որ քիչ ծնունդներ են եղել և շուրջ 700 մլն դոլար խնայվել է:

3329 | 4
Facebook