Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱՎ

11:25, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱՎ

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող Կ. Ղ-ի մայրն այս տարվա հոկտեմբերին ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որ ապրիլյան քառօրյայի մասնակից որդուն ուսման վարձի մասնակի փոխհատուցում չեն տրամադրում: «Կ. Ղ-ը մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է զինված ուժեր, որտեղ էլ մասնակցել է 2016թ. ապրիլի պատերազմական գործողություններին: Զորացրվելուց հետո 2017թ. օգոստոսին մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթղթերը ներկայացրել է համալսարան, սակայն նախ հայտնել են, որ ծրագրային խնդիրների պատճառով պետք է ավելի ուշ դիմում ներկայացնել և ստանալ ուսման վարձի փոխհատուցում, ապա դիմումը երկրորդ անգամ ներկայացնելուց հետո հայտնել են, որ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն անցել է, և նա այլևս չի կարող օգտվել այդ արտոնությունից: Կ. Ղ-ի խախտված իրավունքները վերականգնելու և ուսման վարձի զեղչ տրամադրելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017թ. հոկտեմբերի 12-ին դիմեց ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, որից հետո խնդիրը լուծվեց: Այնուամենայնիվ ԿԳ նախարարի տեղակալ Վ. Մկրտչյանը պատասխան գրությամբ պնդել էր, թե Կ. Ղ-ի առաջին դիմումում ուսման վարձի զեղչման մասին խոսք չի եղել, այն միայն վերաբերել է ուսանողական իրավունքները վերականգնելուն, այդ մասով էլ դիմումը քննարկվել է դեկանատում: ԿԳ նախարարի տեղակալը անուղղակի կերպով հերքել է նաև երկրորդ դիմումի պատասխանի վերաբերյալ ուսանողի պնդումները և հայտնել, որ ռեկտորատի 2017թ. հոկտեմբերի 16-ի նիստում որոշվել է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել Կ. Ղ-ին: Ուշագրավ է, որ նախարարի տեղակալի վկայակոչած ռեկտորատի նիստը տեղի է ունեցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ԿԳ նախարարին գրություն ուղարկելուց հետո միայն, սակայն Վ. Մկրտչյանն իր պատասխանում դրա մասին որևէ ակնարկ չի անում և իրադարձությունները ներկայացնում այնպես, կարծես խնդիրը լուծվել է դրանից առաջ»,- հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

4614 | 0
Facebook