Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չպետք է հույսները դնեն ինտերնետի վրա». Բագրատաշենի անցակետում կուտակումներից խուսափելու ինչ լուծում է առաջարկում Տիգրան Հովհաննիսյանը

12:25, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
«Չպետք է հույսները դնեն ինտերնետի վրա». Բագրատաշենի անցակետում կուտակումներից խուսափելու ինչ լուծում է առաջարկում Տիգրան Հովհաննիսյանը

Օրեր առաջ MAMUL.am-ն իր հրապարակումներից մեկում
     (11.11.2017թ․) տեղեկացրել էր, որ Բագրատաշենի մաքսակետում հարյուրավոր ավտոմեքենաների կուտակումների պատճառով ավտովարորդները հայտնվել են «կատաստրոֆիկ» վիճակում:
     Հաջորդ օրը ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում ներկայացրեց` նշելով, որ վերոնշյալ օրը Բագրատաշենի անցակետում մեքենաների կուտակումները պայմանավորված են եղել տեխնիկական խնդիրներով։
     Մեր թղթակցի հետ զրույցում, «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ նման «խայտառակ» իրավիճակում իրենք հաճախ են հայտնվում: Հարցին, թե ինչպես են տեսնում այդ խնդրի լուծումը, պատասխանեց, որ անհրաժեշտ է օգտագործել մարդկային գործոնը. «Էդ խեղճ տեսուչներն էլ են գժվել պետության ձեռքն՝ ի դեմս մաքսային աշխատողների... ի՞նչ է նշանակում ինտերնետ չկա։ Ուրեմն որ ինտերնետ չկա, պիտի ժամերով մնանք էդտեղ կանգնա՞ծ: Ես կարծում եմ` չպետք է հույսները դնեն կապի, ինտերնետի և ընդհանրապես տեխնիկայի վրա, այլ փորձեն այլընտրանքային լուծումներ գտնել` կատաստրոֆայի չենթարկելով մարդկանց»,- ասաց ՀԿ-ի նախագահն` առաջարկելով խնդրի լուծման իր տարբերակը: «Թող փաստաթղթերն ինչ-որ ընդհանուր ձևով քննեն, ստորագրեն, ամրակցեն փաթեթով մի ծրարի մեջ ու ասեն` գնացեք ժողովուրդ, որ չկուտակվենք այնտեղ: Մարդկանց, մարդկային գործոնն ինչու են անտեսում, ինչու են երկրորդ պլան մղել: Մոռացե՞լ են, որ կարելի է ինչ-որ բան անել մարդկանց օգնությամբ... հետո ինչ` տեխնիկական խնդիր է առաջացել, ուրեմն վե՞րջ` պիտի մնանք էնտեղ կանգնա՞ծ, հոգնած ու սառա՞ծ»,- վրդովվեց Տիգրան Հովհաննիսյանը:
     Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Բագրատաշենի անցակետից մեր թղթակցին ահազանգել էր, որ խայտառակ վիճակ է տիրում մաքսակետում. Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկող հարյուրավոր ավտոմեքենաներ, տեխնիկական խնդրի պատճառով, չեն կարողանում հատել սահմանը: Նրա խոսքով` անելանելի վիճակում են նաև բեռնափոխադրողները:

2867 | 0
Facebook