Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

ՔԿՎ-ն հերքում է Շիրխանյանի պաշտպանի այն հայտարարությունը, թե իր վստահորդին պետությունն անվճար բուժօգնություն չի ցուցաբերել

12:35, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
ՔԿՎ-ն հերքում է Շիրխանյանի պաշտպանի այն հայտարարությունը, թե իր վստահորդին պետությունն անվճար բուժօգնություն չի ցուցաբերել

Երեկ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացման հետևանքով հետաձգվել է նշանակված դատական նիստ:

Քրեակատարողական հիմնարկից գրություն է ուղարկվել դատարան, թե Վահան Շիրխանյանն ի վճակի չէ մասնակցել նիստին՝ առողջական խնդիրների պատճառով: Այդ մասին լրագրողներին հայտնել է վերջինի փաստաբան Հայկ Ալումյանը: «Այսօր առաջին անգամ է, երբ որ քրեակատարողական հիմնարկից նամակ եկավ, որ պարոն Շիրխանյանն ի վիճակի չէ մասնակցել: Այսինքն` ինչ աստիճանի է սրվել նրա առողջական վիճակը, որ նույնիսկ քրեակատարողական հիմնարկները, որոնք երբեք հակված չեն եղել ճշմարտությունն ասել և միշտ հակված են եղել ներկայացնել խնդիրը էնպես, թե պարոն Շիրխանյանի առողջական խնդիրներն ավելի քիչ են, քան իրականում կան, հիմա գրություն է ուղարկել` տեղեկացնելով, որ պարոն Շիրխանյանն ի վիճակի չէ ներկայանալ իր առողջական վիճակից ելնելով»,- մտահոգվել է փաստաբանը:

Ի դեպ, հարկ է նշել, որ շատ անգամ է Հ. Ալումյանը նշել, որ Շիրխանյանի բուժօգնության կամ դեղորայքի հետ կապված հարցերը հոգում են վերջինի հարազատները` միևնույն ժամանակ բարձրացնելով այն հարցը, թե ինչու կառավարությունը ոչինչ չի անում այդ ուղղությամբ. «Երկու տարի է, ինչ համարյա բոլոր դեղամիջոցները Վ. Շիրխանյանի հարազատներն են ձեռք բերում, համարյա բոլոր հետազոտությունների համար իր պաշտպանյալի հարազատներն են վճարում, այն դեպքում, երբ դա կառավարության պարտականությունն է…Եվ հիմա արդեն եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունն իր պարտականությունները կատարի»,- ասել է նա:

Քրեակատարողական ծառայությունն էլ իր հերթին է տեղեկացնում, որ «ՔԿՀ մուտք գործելու պահից առ այսօր Վահան Շիրխանյանը պետության կողմից անվճար բուժօգնության շրջանակներում անցել է շուրջ երկու տասնյակ հետազոտություն: Մինչև կալանավորումն ու քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում էլ վերջինիս կողմից օգտագործված շուրջ 16 անուն դեղամիջոցներից 13-ը Քրեակատարողական ծառայության կողմից է տրամադրվել»,- նշված է ՔԿՀ վարչության պարզաբանման մեջ։ Այնուհետև տեղեկացվում է, որ Վ. Շիրխանյանի՝ դատարան չներկայանալու պատճառը պայմանավորված է եղել վերջինի մոտ «արյան զարկերակային ճնշման տատանմամբ (ինչի համար ի դեպ նա ստանում է համապատասխան դեղորայքային բուժում) ու դրա հետևանքով նրա ինքնազգացողության վատացմամբ»:

Հավելենք, որ վերջին տվյալներով, Եվրոպական դատարանը Վահան Շիրխանյանի գործով որոշում է կայացրել` պարտավորեցնելով պետությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրա առողջական վիճակը ճիշտ գնահատելու և անհրաժեշտ բուժումն ապահովելու համար:

Փաստաբանը հայտնել է, որ լրացուցիչ ստուգումների ու ախտորոշման համար Շիրխանյանի ընտանիքը պատրաստվում է մասնագետներ հրավիրել արտերկրից, քանի որ հիմքեր ունեն չվստահելու տեղացի մասնագետներին:

Հիշեցնենք` 2015-ին Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու, ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի՝ կազմակերպված խմբի հետ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ ՔՕ-ի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ:

1330 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am