Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերքում է, որ չեղյալ է համարել Հերմինե Նաղդալյանի պարտքը

16:25, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերքում է, որ չեղյալ է համարել Հերմինե Նաղդալյանի պարտքը

Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարվել է պետբյուջեից: Նշվում էր, որ ԱԺ փոխնախագահների համար սահմանված է 50 հազար դրամի ամսական լիմիտ, որը Նաղդալյանը գերազանցել է 40 անգամ, և դա մայիսին, երբ նա ԱԺ փոխնախագահ է եղել մինչև մայիսի 17-ը:
     Լրագրողները տիկին Նաղդալյանից շտապել էին հետաքրքրվել, թե ում հետ է խոսել, որ այդքան մեծ գումար է կազմել, միգուցե Չինաստանում գտնվող որդո՞ւ... «Էրեխեք ջան, ի՞նչը մեկնաբանեմ: Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն չի անջատվել, դրանից է եղել: Մի քանի օրվա ընթացքում է 2 միլիոնի հաշիվ կազմել: Չինաստան իմ որդու հետ ես Whatsapp-ով եմ խոսում, դա վճարովի չէ»:
     Ավելի ուշ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Aysor.am լրատվականի հետ զրույցում մանրամասնել էր. «2 մլն դրամը չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ. Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որն ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքն առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացնելու»:
     Բարձրացված աղմուկի մասին հայտարարություն է տարածել նաև ՎիվաՍել ՄՏՍ-ը, որտեղ մասնավորապես ասվում է. ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին, լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ, ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների, հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:
     Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից:
     ՀՀ Սահմանադրության հոդված 33-ի (Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը) և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հոդված 49-ի (Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը) համաձայն, ընկերությունը պարտավոր է պահպանել հեռախոսային խոսակցությունների և այլ էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության, և ուստի չի կարող հրապարակել կամ հաստատել այս կամ այն բաժանորդի հաղորդակցությանը վերաբերող տեղեկատվությունը:
     Ընկերությունը հարկ է համարում պարզաբանել, որ ռոումինգային ծառայությունների առանձնահատկություններից ելնելով, որևէ ամսվա ընթացքում մատուցված ռոումինգային ծառայությունների գումարները կարող են հաշիվներում արտացոլվել ուշացումով, այն է՝ այդ ամսվանը հաջորդող երկու ամիսների հաշիվներում, ինչի մասին համապատասխան ծանուցում միշտ առկա է եղել ընկերության պաշտոնական վեբ-կայքում»:
     Նշենք, որ ՎիվաՍել ՄՏՍ-ի այս հայտարարությունից հետո Արսեն Բաբայանը գրել է. «ՎիվաՍել ընկերության կողմից պարզաբանելուց հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել, թե ինչն է եղել պատճառը, որ ընկերության կողմից նախնական ներկայացված տեղեկության և հետագայում ներկայացված հաշվի միջև եղել է գումարի զգալի տարբերություն, որն էլ ընկալվել է որպես զիջում։ Ուսումնասիրությունն ավարտվելուց հետո կտրվի լրացուցիչ պարզաբանում»։

6073 | 7
Facebook