Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«30 կմ ճանապարհը կառուցել են 150 միլիոն դոլարով, դա նորմատիվի մե՞ջ է, թե՞ ոչ». Սերգեյ Բագրատյանը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինաշխատանքների մասին

12:55, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
«30 կմ ճանապարհը կառուցել են 150 միլիոն դոլարով, դա նորմատիվի մե՞ջ է, թե՞ ոչ». Սերգեյ Բագրատյանը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինաշխատանքների մասին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-ում` անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու և այն վավերացնելու հարցին` դիմեց հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանին: «Ասացեք խնդրեմ` կոնկրետ ո՞վ է պատասխանատու այդ ճանապարհին կատարված չարաշահումների համար` անուն-ազգանուն- պաշտոն: Հետո` 5-7 տարով հարավային հատվածը թողել եք խայտառակ վիճակում, հոդված եք կիրառում խեղճ գյուղացու վրա: Մարդը 2 մետր հող ունի` ոչինչ չեն թողում անել` ո´չ օտարել, ո´չ գործարք կատարել այն հույսով, որ դուք երբևէ կավարտեք այդ ճանապարհը: Կոնկրետ ժամկետ ասեք` հասկանանք և կառավարության ղեկավարության գնահատականի չափը գնահատեք դուք ինքներդ»:

Գ. Գրիգորյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է չարաշահումներին, ես իմ խոսքում նման բառ չօգտագործեցի, և խոսք անգամ չի կարող լինել այդ մասին: Ինչպես նշեցի` կա երկու օբյեկտիվ պատճառ` փողերի օտարում և տարաբնակեցման ծրագրի իրականացում»:

Ս. Բագրատյանին չգոհացրեց զեկուցողի պատասխանը. «Ճիշտն ասած Ձեր պատասխանները մեզ չեն բավարարում: Դուք շարունակում եք միատոն, ոչինչ չասող նախադասություն ասել: Ես ձեզ պարզ հարց եմ տալիս` 30 կմ ճանապարհը կառուցել են 150 միլիոն դոլարով, դա նորմատիվի մե՞ջ է, թե՞ ոչ: Երկրորդ` ե՞րբ է ավարտվելու, ժամկետ ասեք»:

Գ. Գրիգորյանը պատասխանելով՝ ասաց. «Ծրագրի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքների ծավալը համապատասխանում է ծրագրով նախատեսված նախահաշվին: Երկրորդ` ծրագրի ավարտը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի 3-րդ եռամսյակում»:

3997 | 0
Facebook