Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցներում սովորում են բարձր ունակություններով երեխաներ, ինչո՞ւ». Անահիտ Բախշյանն` Արման Թաթոյանին

16:05, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցներում սովորում են բարձր ունակություններով երեխաներ, ինչո՞ւ». Անահիտ Բախշյանն` Արման Թաթոյանին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարությամբ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին.
     «Հարգելի պարոն Թաթոյան,
     Ըստ 2017թ. մարտի 17-ին հաստատված հաստիքացուցակների ու տարֆիկացիոն ցուցակների Երևանի ենթակայության տակ գործող 3 հատուկ՝ Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.2 հատուկ/օժանդակ/», Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.6 հատուկ/օժանդակ/», «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 կրթահամալիր» դպրոցներում սովորել են 299 աշակերտներ, իսկ ըստ 2017-ի հոկտեմբերի 19-ի տվյալների այդ 3 դպրոցներում սովորում են 310 աշակերտներ, ինչպես ցույց են տալիս թվերը՝ սովորողների թիվը այս հատուկ դպրոցներում ավելացել է: Սա ևս երկրում աղքատության ավելացման ցուցանիշ է, նշանակում է արտագնա աշխատող ծնողների թիվն է ավելացել, նշանակում է երկրիս վիճակն է վատացել:
     Այդ դպրոցների տարիֆիկացիոն ցուցակներում «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ» տողերի դիմաց ոչ մի թիվ գրված չէ, որտեղից կարելի է ենթադրել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ այնտեղ չկան, այսինքն նրանք չունեն կրթության առանձնահատուկ պայմանի կարիք, բայց սովորում են հատուկ դպրոցներում: Ամենայն հավանականությամբ նրանք ուղղակի
     սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են, որոնք ունեն այլ, սոցիալական ապահովության կարիքներ: Դա իսկապես այդպես է, որովհետև մասնավորապես Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ.6
     հատուկ (օժանդակ) դպրոցի» մասին օրերս «Ես կամ» հաղորդումն եմ տեսել, որտեղ խոսող երեխաները իրենց արտահայտած մտքերի պայծառությամբ մեկը մեկին չէին զիջում, բայց պարզապես դժբախտ էին, որովհետև ընտանիքում չեն, ծնողների հետ չեն ապրում: Այդ երեխաներին հնարավոր չէր առանց հուզմունքի լսել: Կարծում եմ՝ Դուք էլ պիտի նայեք, որպեսզի պատկերացնեք, թե պետությունը ըստ կարողությունների նրանց կրթության սահմանադրական իրավունքը չիրացնելով, ինչպես է հարվածում նրանց մարդկային արժանապատվությանը, ինչպիսի վիրավոր հոգով են նրանք կյանք մտնելու: Այդ երեխաներն, իրենց մտավոր կարողություններով, իմ ու պաշտոնյաների երեխաներից բոլորովին պակաս չեն, բայց դպրոցն ավարտելիս, ի տարբերություն մեր երեխաների, նրանք կստանան Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ.6 կամ թ.2 հատուկ
     (օժանդակ) դպրոց»-ի 2 վկայական կամ չունենալով խոսքի ծանր խանգարում՝ «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող հ.8 կրթահամալիր» դպրոցի: Ինչո՞ւ: Սա երեխայի իրավունքի կոպտագույն խախտում է, իրավունքի ոտնահարում, որի համար նույնպես առաջարկում եմ դիմել Սահմանադրական դատարան: Հիմա պարզ թվաբանություն անեմ, այդ 3 դպրոցների տարեկան բյուջեն 2017-ի առաջին կիսամյակում եղել է 83.661.004 դրամ, այսինքն յուրաքանչյուր երեխայի բաժին է ընկնում 948.700 դրամ, երկրորդ կիսամյակում, 2017-ի հոկտեմբերի 19-ի տվյալներով 3 դպրոցի բյուջեն կազմել է 282.262.920դրամ, ուրեմն յուրաքանչյուր երեխայի բաժին է ընկել 910.526 դրամ: Այս տարի մոտ 38000 դրամով նվազել է նրանց ֆինանսավորումը, սակայն նույնիսկ նվազած վիճակում հատուկ դպրոցի երեխա թվով ֆինանսավորումը 7.5 անգամ գերազանցում է հանրակրթական դպրոցի աշակերտ թվով ֆինանսավորմանը, գերազանցում է նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցներում վկայագրված երեխաների բարձրացված չափաքանակին, որը տրվում է երեխայի առանձնահատուկ պայմանն ապահովելու համար: Ի՞նչ հատուկ պայման է ապահովվում հատուկ դպրոցի առանձնահատուկ պայմանի կարիք չունեցող երեխաների համար, որ չէր ապահովի հանրակրթական դպրոցը: Կրթական՝ ո՛չ մի, ապահովել են քնելու տեղով և սնունդով, իսկ պետությունը դրանք բավարարում է կրթության բյուջեից: Ուրեմն ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե այդ հատուկ դպրոցներին 7.5-ապատիկ ֆինանսավորելու փոխարեն, օգնեին ընտանիքին, որպեսզի երեխան ընտանիքում մեծանար ու սովորեր հանրակրթական դպրոցում և ստանար ո՛չ մտավոր թերզարգացում ունեցող դպրոցի վկայական: Մի՞թե այդքան դժվար է ԿԳ և Սոցիալական ապահովության նախարարություններին իրար մոտ գալ, համագործակցել ու երեխայի իրավունքի տեսակետից գտնել նրա շահը: Կրկնում եմ, ո՛չ իմ, ո՛չ, վարչապետի, ո՛չ քաղաքապետի երեխաներն այդ երեխաներից լավը չեն, նրանք էլ ունեն հանրակրթական դպրոցի վկայական ստանալու նույն իրավունքը, ինչ որ՝ մերոնք: Հետևաբար, Երևանի քաղաքապետից պետք է պահանջենք մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներից առնվազն մեկը՝ Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ.6 հատուկ (օժանդակ) դպրոց»-ը վերակազմավորել մանկավարժահոգեբանական կենտրոնի, որը տարաբնույթ ծառայություններ կտրամադրի ցանկացած երեխայի իր սովորական միջավայրում, որի կարիքը շատ կա Երևանում: Այս առաջարկն արդեն արել եմ Երևանի զարգացման 2018թ. ծրագրում ու ամեն կերպ պաշտպանելու եմ: Կից ներկայացնում եմ Երևանի ենթակայության 3 հատուկ դպրոցների հաստիքացուցակներն ու տարիֆիկացիայի ամփոփ ցուցակները: Շնորհակալություն համագործակցության համար»:

879 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am