Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո´վ զրպարտիչներ, դուք ավելի լեղի եք, քան օձի թույնը». «Սասնա ծռեր»-ի անդամը՝ դատարանին

17:15, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Ո´վ զրպարտիչներ, դուք ավելի լեղի եք, քան օձի թույնը». «Սասնա ծռեր»-ի անդամը՝ դատարանին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Սերոբ Սերոբյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստը:
     Դատարանը մերժել է Սերոբ Սերոբյանին անհապաղ ազատ արձակելու՝ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը։ Այնուհետև փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալներ Արայիկ Հակոբյանին և Մարտիրոս Հակոբյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ նշելով, որ իր պաշտպանյալները 2017 թվականին հուլիսի 30-ից ապօրինի են գտնվում կալանաքի տակ և նրանց կալանքի տակ պահելու ժամկետը երկարացված չէ։
     Փաստաբան Հարություն Բաղդասարյանը միանալով միջնորդությանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ պաշտպանական կողմը հիմքեր է ստեղծում եվրոպական դատարան դիմելու համար։
     Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը միջնորդել է ամբաստանյալներից Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու համար:
     Մարտիրոս Հակոբյանը` Դեդը, տեսնելով, որ դատավորը հեռանում է խորհրդակցության սենյակ, ասել է. «Դահիճները որոշել են ժողովրդին այնպես դատել, ինչպես դատեցին «Հաց բերողին»: Ով զրպարտիչներ, դուք ավելի լեղի եք, քան օձի թույնը: Դուք ժանտախտից դաժան եք: Դուք Հուդայի և Յագոյի պես եք»:
     Վերադառնալով խորհրդակցության սենյակից, դատավոր Արթուր Օհանյանը մերժել է Թորոս Թորոսյանի համար արված պաշտպանի իջնորդությունը:
     Նշենք, որ մինչ այդ դատարանը մերժել էր նաև Արայիկ Հակոբյանին և Մարտիրոս Հակոբյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը:

4577 | 0
Facebook