Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թույնի կեսն էլ պահիր, կտաս ռեժիսորին». գյումրեցի հանդիսատեսը` բեմում խաղացող դերասանին

15:15, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Թույնի կեսն էլ պահիր, կտաս ռեժիսորին». գյումրեցի հանդիսատեսը` բեմում խաղացող դերասանին

Ինչպես անդրադարձել էինք, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը` ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլաj Ծատուրյանի հոբելյանի շրջանակներում, հյուրախաղերով հանդես եկավ Երևանում: Գյումրու թատրոնը մշտապես առանձնացել է թատրոնի հանդեպ պրոֆեսիոնալ դրսևորումներով, այս անգամ էլ բացառություն չէր: Հյուրախաղային ներկայացման ժամանակ, երբ բեմում ընդամենը երեք դերասան էր զբաղված, անձնակազմից 30-ը ներկա էին: Ընդ որում` անձնակազմից մեկը եկել էր միայն նրա համար, որպեսզի ներկայացման ժամանակ, բեմի հետնամասից հեռախոսով խոսի: Թեպետ, այդ տեսարանում հեռախոսազրույցը կարելի էր հնչեցնել նաև ձայնագրության տեսքով:
     Ինչպես MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն, այս պրոֆեսիոնալ մոտեցումը սովորել ու ժառանգել են Ծատուրյանից:
     «Եթե անգամ ներկայացման մեջ 3 հոգի է զբաղված, թատրոնը հյուրախաղերի մեկնում է ամբողջ անձնակազմով: Այստեղ պետք է ներկա լինեն ևʹ զգեստների պատասխանատուն, ևʹ ռեկվիզիտի, ևʹ գրիմի, ևʹ բեմական տեխնոլոգիաների` լուսային և ձայնային ռեժիսորները»,- նշեց թատրոնի գլխավոր ռեժիսորն, ում կարծիքով` հանդիսատեսն անպայման նկատում է ստեղծագործողի պրոֆեսիոնալ վերաբերմունքը:
     «Պետք է կարողանաս չափից դուրս պատասխանատվության զգացումով մոտենաս, եթե ընտրել ես այս ոլորտը: Եթե հյուրախաղերի ենք մեկնում, լուսային ռեժիսորի փոխարեն երբեք ինչ որ մեկը լույս չի դնում: Թատրոնը մի սկզբունք ունի, որ պիտի կարողանաս երկաթե կարգապահություն ու մեծ պատասխանատվության զգացում ունենաս, և կարևոր չէ՝ քանի հոգի է զբաղված ներկայացման մեջ»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը:
     Ոչ պակաս խստապահանջ է նաև Գյումրու հանդիսատեսը: Դերասանների խոսքով` Գյումրու հանդեսատեսն, ի տարբերություն երևանյան հանդիսատեսի, ավելի անմիջական և պահանջկոտ է: Մեզ հետ զրույցում դերասանուհի Անահիտ Քոչարյանը նշեց, որ գյումրեցի հանդիսատեսը նույն պահին միանգամից իր վերաբերմունքն արտահայտում է՝ ևʹ լավը, ևʹ վատը արձագանքում է, և եթե ներկայացումը չհավանեց, կարող է կեսից լքել դահլիճը: «Մի անգամ նույնիսկ դեպք եղավ ներկայացման ժամանակ: Ներկայացումն այնքան էլ հաջող չէր, և հանդիսատեսը բեմադրության վերջում, գլխավոր հերոսի թույն խմելու պահին դահլիճից լսելի ձայնով ասաց` «Կեսն էլ պահիր, կտաս թող ռեժիսորը խմի»,- պատմեց դերասանուհին:

4642 | 0
Facebook