Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մայրը հորինել է այդ հեքիաթը, հավատացել դրան և հիմա էլ ասում է՝ երեխաներին պետք է դպրոցից հեռացնեք». ինչ են պատմում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկավարժները՝ «բռնության» ենթարկված աշակերտի մասին

14:35, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Մայրը հորինել է այդ հեքիաթը, հավատացել դրան և հիմա էլ ասում է՝ երեխաներին պետք է դպրոցից հեռացնեք». ինչ են պատմում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկավարժները՝ «բռնության» ենթարկված աշակերտի մասին
     Երեկ՝ նոյեմբերի 13-ին, լրատվականներում լուր տարածվեց, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում 1-ին դասարանի աշակերտները բռնություն են կիրառել իրենց դասընկերոջ՝ Արտյոմ Սարգսյանի նկատմամբ: Երեխայի մոր խոսքով նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում երեխայի դասընկերները՝ Մինասը, Գոռը և Գագիկը սկոտչով կապել են նրա ձեռքերը, դեմ տվել պատին, մի քանի հարվածներ հասցրել, այնուհետև նրանցից մեկը մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: Ծնողը նշում է նաև. «Տղաս առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուստասնում, թե՛ Իսրայելում բուժումների ենք տարել: Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն ու խոսելիս սկսել է նորից կակազել: Գիշերներն էլ միզում է»:
     MAMUL.am լրատվականի թղթակիցն այցելեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց և տեղում զրուցեց դպրոցի տնօրենի և ուսուցչական անձնակազմի հետ:
     Տնօրեն Անահիտ Խոսրովյանը ներկայացրեց դեպքի մանրամասները: «Սեպտեմբերի 15-ից մենք ընդունել ենք այդ երեխային: Եկել է մասնավոր դպրոցից: Մենք էլ որպես ներառական կրթություն իրականացնող դպրոց, մեծ սիրով ընդունեցինք՝ մտածելով ճակատագրի մասին: Սեպտեմբերը դիտարկման ամիս է, սկսեցինք դիտարկել և արդյունքում հասակցանք, որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք: Մեր դիտարկումներից հետո ուղղորդել ենք իրենց գնահատման կենտրոն, քանի որ բժշկական թղթերը չէին բարեհաճում ներկայացնել՝ ասելով դեռ Մոսկվայում է, հետաձգվել է մի փոքր, որ եզրակացությունն ուղարկեն երեխայի մասին, որի հիման վրա երեխան ստանար վկայագիրը և աջակցող թիմն աշխատեր երեխայի հետ: Չնայած դրան, հայրիկի հետ փոխհամաձայնության գալով, մասնագիտական աջակցություն է սկսվել երեխայի հետ: Տեղեկացնեմ նաև, որ մայրիկն այս 2 ամիսների ընթացքում մեր մասնագետների, մեր հրավերով ոչ մի անգամ չի այցելել դպրոց երեխայի առանձնահատկությունների մասին զրուցելու, տեղեկատվությունը փոխանցվել է հիմնականում հոր վարորդի, երբեմն էլ հայրիկի միջոցով: Աջակցող թիմի մասնագետներն սկսում են իրենց պարապմունքները և հերթական պարապմունքի ժամանակ, երբ անցնում են դեմքի մասերը, երեխան հարցնում է մասնագետին՝ իսկ հոնքերը, թարթիչները կտրո՞ւմ են, ուսուցիչն էլ պատասխանում է, որ ոչ, մեկ-մեկ կանայք՝ գեղեցկանալու համար: Երեխան պատասխանում է, որ գիտեք, ես կտրել եմ իմ թարթիչները: Բայց հավատացեք, ոչ մեկս չէինք նկատել, եթե չասեր: Այդ պահին մասնագետը նայում է ուշադիր և տեսնում, որ ծայրերը կտրված են: Հարցնում է՝ ո՞նց է պատահել, ո՞վ է արել, պատասխանել է, որ ես եմ կտրել, որ տեսնեի իմ թարթիչների գույները: Հարցին՝ որտե՞ղ, պատասխանել է մայրիկի մոտ: Մենք այդ մասին տեղեկացրեցինք վարորդին և նա նույն պահին ասաց, որ դա միայն կարող էր լինել մոր մոտ, հայրը շատ ուշադիր է: Հաջորդ օրը երեխան լավ տրամադրությամբ եկավ դասի, մյուս օրն «Ա» տառի հանդեսն էր, շատ նորմալ էր, երեկոյան մայրը զանգում է դասվարին: Սա, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է, և միգուցե սխալ է, որ ես ընտանեկան հարց եմ բարձրաձայնում, բայց արդյունքում քանի որ տուժեց դպրոցը, ես եզրակացնում եմ, որ երևի հայրիկն էլ տանը մայրիկի հետ կոնֆլիկտ է ունեցել, մայրն էլ որոշեց այսպես լուծումը տալ: Դա մոր երևակայության արդյունքն է: Մայրը հորինել է այդ հեքիաթը, հավատացել է դրան և հիմա էլ ասում է այդ երեխաներին պետք է դպրոցից հանեք և պատասխանատվության ենթարկել: Խնդիրը մենք ենք բարձրաձայնել և մեր դեմ պտտվեց»:
     Տնօրենը նշում է, որ սկոչով կապելու միտքը երեխան արտահայտել է, երբ հոր հետ իր սենյակում են եղել: «Երեխաները զարմացել էին՝ ինչ սկոտչի մասին է խոսքը: Ուսմասվարներին ուղարկեցի բոլորի պայուսակները ստուգելու, նմուշի համար մի սկոտչ չկար: Դա հորինված կինոյի սցենար է»,- ասում է Անահիտ Խոսրովյանը:
     Դպրոցի հոգեբանի խոսքով, իրենք ծնողին հորդորել են, որ երեխայի մոտ միգուցե մուլտֆիլմերի աշխարհը շատ է և ցանկություն են հայտնել այց կատարել տուն և տեսնել, թե դասերից հետո Արտյոմը տանն ինչով է զբաղվում: «Երեխան գալիս է գրիչը ձեռքին, ասում է՝ այդ գրիչն իբր բենզին է և ինքը պետք է լցնի մարդկանց վրա, վառի: Կամ ձեռքը բռնում, գնում են ֆիզկուլտուրայի, ասում է մի բռնի ձեռքս, ռումբ կա, կպայթի: Այս երկու ամիսների ընթացքում նա ապրել է իր երևակայական աշխարհում: Մենք տեղեկացրել ենք ծնողին: Միգուցե տանը նման մուլտֆիլմեր է դիտում, միգուցե շփվում է մարդկանց հետ, որտեղ որ նման արտահայտություններ է սովորում: Եվ հայրը խոստովանեց, որ երեխան շատ է մուլտֆիլմեր դիտում: Մայրն այդպես էլ երկու ամսվա ընթացքում կապի դուրս չեկավ և մենք շփվել ենք միայն վարորդի, երբեմն էլ հայրիկի հետ: Մայր երևույթ գիտենք, որ կա, բայց դպրոցում չենք ճանաչում»:
«Մայրը հորինել է այդ հեքիաթը, հավատացել դրան և հիմա էլ ասում է՝ երեխաներին պետք է դպրոցից հեռացնեք». ինչ են պատմում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկավարժները՝ «բռնության» ենթարկված աշակերտի մասին
«Մայրը հորինել է այդ հեքիաթը, հավատացել դրան և հիմա էլ ասում է՝ երեխաներին պետք է դպրոցից հեռացնեք». ինչ են պատմում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկավարժները՝ «բռնության» ենթարկված աշակերտի մասին

     Անդրադառնալով Արտյոմի մոր այն դիտարկմանը, որ երեխայի մոտ նորից առաջ են եկել խնդիրներ՝ կապված խոսքի հետ, տնօրեն Անահիտ Խոսրովյանը նշում է, որ երբ իրենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա են ընդունում, պարտադիր ծնողների հետ զրուցում են, թե ինչ ակնկալիքներ ունեն իրենցից: Հայրն այդ ժամանակ չի ասել, որ երեխան խոսելու հետ կապված խնդիրներ ունի: Դպրոցի լոգոպետ Նաիրա Մխիթարյանն էլ հավելեց. «Երբ Սարգսյան Արտյոմին ընդունում էինք դպրոց, հայրիկին հարցրեցինք՝ ինչու են տեղափոխում երեխային: Պատասխանեց, որ ունի կրթության առանձնահատուկ պայմաններում սովորելու կարիք, հիպերակտիվ է, ունի ուշադրության դեֆիցիտ, հոգեբանական հուզակամային ոլորտի խանգարումներ, սակայն նա չի նշում, որ երեխան կակազել է: Ես ներկայացել եմ, որ լոգոպետն եմ, բայց նա չի նշում, որ բուժվել են Մոսկվայում, Իսրայելում, ինչպես հիմա է նշվում: Երեխայի դիտարկման փուլում ոչ մի կակազության հետք չեմ նկատել: Եթե երեխան կակազում էր, և իրենք այդքան ուշադիր ծնողներ էին, մենք պետք է իմանայինք, քանի որ դա այնպիսի հիվանդություն է, որ կրկնվում է: Երեխայի դիտարկման ընթացքում հայտնաբերվեց, որ երեխան քթի մեջ միս ունի, հայրիկին զուշացրեցինք, որ ուշադրության պակասը կարող է կապված լինել այդ խնդրի հետ, քանի որ թթվածին չի մատակարարվում ուղեղի մեջ: Հայրն ասաց, որ շնորհակալ է ուշադրության համար և խոստացավ, որ աշնանային արձակուրդներին կզբաղվի խնդրով: Շատ հնարավոր է, որ երեխան կակազել է, քանի որ կակազությունը դա շնչառության խանգարում է, բայց այն, որ մեզ չեն զգուշացրել և երեխան էլ հիմա ընդհանրապես չի կակազում, ես հավաստիացնում եմ որպես մասնագետ»:
     Դասղեկ Վերոնիկա Բաբաջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ պատրաստվածությամբ է Արտյոմը ներկայացել դասերին: «Դասերից հետո հայրիկի հետ գնում էր մանկապարտեզ, հետո հայրը որոշեց, որ մնա դպրոցում, որպեսզի հասկանա դպրոցն ինչ է: Երեխան չէր ուզում դաս անել: Հաճախում էր անհատական պարապունքների: Արտյոմն ամեն օր դասի է գալիս բոլոր դասագրքերը պայուսակում, կապ չունի այդ դասն այդ օրն ունենք, թե ոչ: Այդ հետևողականությունը չի նկատվել: Հայրիկին 4-5 անգամ տեսել եմ, երբ ժամանակ է ունեցել, եկել հարցրել է երեխայից, մայրիկին ընդհանրապես չեմ տեսել: Պարբերաբար զանգել եմ հայրիկին, կամ վարորդին եմ ասել, որ ուզում եմ մայրիկին տեսնել: Երբ մայրը շաբաթ օրն ինձ զանգահարեց, ես ուրախացա, որ հերթական իմ ասելուց հետո զանգել է: Եվ երբ ասաց՝ ոնց է եղել, ասացի կինո եք պատմում, դուք 6 տարեկան երեխաների մասին եք խոսում: Երեխաների բերանը չես կարող փակել, փոքր են, մի բան տեսնում են պատմում են: Սկզբից մայրն այլ անուններ տվեց՝ Ժիրայր, Գագիկ, ասացի, որ նման երեխաներ չունենք: Հետո, հաջորդ օրն ասում է Մինաս, ասում եմ այդ անունով էլ չունենք: Հայրը եկավ, տեսավ այդ երեխաներին, հասկացավ, որ դա անհնար է»:
     Տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասաց, որ երբ երեկ ոստիկանությունում են եղել, Արտյոմի հայրը զանգահարել և ասել է, որ ամոթից չգիտի ինչ ասի: Նշել է, որ վաղը վարորդին կուղարկի, որ գործերը վերցնեն և դպրոցից տանեն երեխային:
     Դպրոցի ուսուցչական անձնակազմը նաև մտահոգություն հայտնեց, թե ինչ է սպասվում այդ երեխային և ուր են տանելու:
7952 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am