Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

««Ընտանեկան բռնության մասին» օրենքը պետք է խստորեն պատժի երեխայի նկատմամբ բռնություն իրականացրած ծնողին». Անահիտ Բախշյան

15:25, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
««Ընտանեկան բռնության մասին» օրենքը պետք է խստորեն պատժի երեխայի նկատմամբ բռնություն իրականացրած ծնողին». Անահիտ Բախշյան

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ միայն անցյալ շաբաթվա ընթացքում երեխաների իրավունքները ոտնահարելու մասին տարբեր մարդկանց կողմից 3 տարբեր բովանդակության նամակներ է ստացել: Բախշյանի ներկայացմամբ՝ մի նամակում տատիկը պատմում է, որ նախկին հարսն իր 3 անչափահաս թոռներին զրկում է տեսակցել իր հետ այն դեպքում, երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր դատարանը 2014 թվականի ապրիլի 14-ի վճռով երեխաների մորը պարտավորեցրել է չխոչընդոտել տատիկի հետ տեսակցություններին, սակայն դատարանի որոշմանը հակառակ մայրը խոչընդոտում է:
     «Ավելին, տատիկն ինձ հասցեագրած նամակում գրել է, որ մայրը երեխաներին մուրացկանության է մղում ու թե՛ Էրեբունու, թե՛ Վաղարշապատի ոստիկանության անչափահասների բաժինները տեղյակ են, սակայն ոչ մի արդյունք, որովհետև, ինչպես ինձ ուղղված նամակում այդ տատիկն է գրել. «քանի որ նրանց թիկունքում կա ոստիկանության աշխատակից»: Էրեբունի և Վաղարշապատի ոստիկանությունը պետք է զբաղվեն տատիկի այս հայտարարությամբ: Տատիկը 05.05.2017թ. դիմել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ թոռներին խնամակալ լինելու խնդրանքով, որը 24.05.2017թ. մերժվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դ. Գրիգորյանի կողմից, հղում անելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածին, որը վերաբերում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությանը» և ոչ մի ընդհանրություն չունի այս դեպքի հետ ու վստահ են եղել, որ ոչ մեկը այդ օրենքը չի բացելու ու կարդա: Մեղմ կորակեմ՝ խաբեություն: Վերոնշյալ հանձնաժողովը այս երեխաների դեպքում չի փորձել անգամ փնտրել երեխաների լավագույն շահը ու չի՛ գտել, որը պարտավոր էր անել, մերժել է ու վե՛րջ, որովհետև ամենայն հավանականությամբ նրանց մեջ չկան պաշտոնյաներ, ովքեր տեղյակ են, թե ինչպես պաշտպանել մարդու, երեխայի իրավունքը, տեղյակ չեն օրենքներից ու համապատասխան կարգերից, որին կոչված են»,- գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը:

Հաջորդ նամակով մեկ ուրիշ տատիկ բողոքել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 08.11.2017թ. որոշումից, որով որոշել են երեխաներին ուղարկել ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն», որպեսզի այնտեղ «հաղթահարվի հոգեբանական ճնշվածությունը և վերականգնվի հոր հետ հարաբերությունները», առանց հաշվի առնելու, որ կենսաբանական հոր նկատմամբ քրեական գործ է հարուցված «ընտանեկան բռնություն» հոդվածով: «Այն դեպքում, երբ երեխաներն իրենց մոր մահից հետո արդեն 4 ամիս է ապրում են տատիկի ու քեռու հետ, ապահով են, խնամված ու խաղաղ հոգեվիճակն ապահովված է նրանց մոտ, իսկ այդ «վայ» հանձնաժողովի ապօրինի որոշման հետևանքով այս անչափահասները հերթական բռնության կենթարկվեն, եթե նրանց բռնի կերպով խլեն տատիկից ու տանեն ՀՕՖ»,- նշում է Ա․ Բախշյանը՝ հավելելով, որ Ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածը շատ հստակ ձևակերպում է երեխաների իրավունքները և մասնավորապես, ասում է. «երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին», իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի 2016թ. հ.1333 նախադեպային որոշմամբ վերացվել է երեխայի տարիքի որևէ սահմանափակում ու ամրագրել է ցանկացած տարիքում երեխայի կարծիքը լսելու նրա իրավունքը, որը կբացահայտեր երեխաների լավագույն շահը, սակայն այդ շահը բացահայտելու փոխարեն, քաղաքապետարանի աշխատակից, ոմն Անդրանիկի շահերն են պաշտպանվել, ով երեխաների կենսաբանական հոր եղբայրն է և որոշել է երեխաներին ենթարկել հերթական բռնության:

Հաջորդ պատմությունն, ըստ Բախշյանի այն մասին է, թե ինչպես մի ընտանիքում, որն արդեն ուներ մեկ տղա, հաշմանդամությամբ ծնված երեխայի հայրը 8 ամիս հետո լքել է երեխաներին և ընդամենը 25 000 դրամ ալիմենտ է վճարում: Չնայած վերջինն այսօր ունի լավ եկամուտ, բայց ալիմենտի չափն այդպես էլ չի ավելացվում, որովհետև իր անունով չի ձևակերպել իր բիզնեսն ու չենք կարողանում լիարժեք պաշտպանել այդ երեխաների ապրելու իրավունքը: Երկու տղաներին մայրը մեծացնում է չնչին նպաստով ու ալիմենտով, չի կարողանում աշխատել, որովհետև հաշմանդամություն ունեցող երեխան իր կարիքն ունի: Չի կարողանում գազի վառարանով տաքացնել չափազանց խոնավ տունը, որովհեետև գազի վճարը չի կարող մուծել: «Մի՞թե սա բռնություն չէ սեփական երեխաների նկատմամբ: Կրկնում եմ, այս բողոքներն ընդամենը մեկ շաբաթում եմ ստացել ու որքան շատ են դրանք»:

«Վերոնշյալ դեպքերի ուսումնասիրությունից ելնելով, ինչպես նկատեցիք վերևում նկարագրված երկու դեպքերից, կարող ենք արձանագրել, որ ՏԻՄ-երի խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովներն առաջնոդվում են ամեն ինչով, բացի երեխայի լավագույն շահը գտնելու ու հիմնավորելու իրենց պարտականությունից:

Եզրակացությունս միանշանակ է, կողմնակից եմ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ Օրենքի բոլոր այն փոփոխություններին, որով սահմանվելու են իրենց ծնողական պարտականություններից խուսափող կամ ընտանեկան բռնություն կիրառած ծնողների նկատմամբ ամենախիստ պատիժների պահանջին»,- եզրափակում է ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

635 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am