Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին

15:05, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին

Մոսկվայում` Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում, նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը,
     կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։
     Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ՀՀ և ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Հաղթանակի հրամանատարների հետնորդները, վետերաններ, ռուսաստանյան հասարակական և գիտական ու մշակութային ոլորտի հայտնի գործիչներ ու հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
     Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախաձեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Քանդակի հեղինակներն են քանդակագործներ Միսակ Մելքոնյանը և Աշոտ Թադևոսյանը:
     «Թանգարանը գիտություն է ու հիշողություն: Դա պատմությունը վերաքննելու բոլոր միջոցների դեմ ուղղված կարևորագույն գործիքներից մեկն է: Մեզ համար մեծ է պատիվ Հայաստանի Հանրապետության անունից Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանին նվիրաբարել մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որի ներդրումը միասնական հաղթանակի կերտման գործում դժվար է գերագնահատել:
     Հայաստանն ու հայ հասարակությունը այն երկրների ու ժողովուրդների շարքերում են եղել, որոնց միահամուռ ջանքերի շնորհիվ մարդկությունն ու քաղաքակրթությունը փրկվել է 20-րդ դարի ամենամեծ չարիքից՝ ֆաշիզմից: Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ հաղթանակը յուրահատուկ նշանակություն է ունեցել: Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձություններից և 1,5 միլիոն հայի կյանք խլած 1915թ. ցեղասպանությունից ընդամենը երեք տասնամյակ անց Հայաստանը` ԽՍՀՄ ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Մեծ հայրենականին` մոբիլիզացրելով և ռազմաճակատ ուղարկելով 600 հազար հոգու»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին
Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին
3429 | 1
Facebook