ԱԺ հանձնաժողովում քննարկվել են տարկետման և զինծառայությունից խուսափածներին քրեական հետապնդումից գումարով ազատելու մասին նախագծերը
Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարել է հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը: ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի, Աղվան Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների դրական եզրակացությանը: Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ նախագիծը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հիման վրա ևս: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները չեն ընդունվել, քանի որ համահունչ չեն զինված ուժերի կազմավորման և գլխավոր շտաբի գործունեության տրամաբանությանը: Պատգամավորները քվեարկությամբ մերժել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները: Երկրորդ ընթերցումով ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ այն քննարկվել է տարբեր հարթակներում. նախագծի հիմքում դրվել են արդյունավետ կառավարման, սոցիալական արդարության և հավասարության սկզբունքները: Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ, որի պարագայում քաղաքացին կարող է օգտվել բարձրագույն կրթություն ստանալու՝ առաջին փուլն անցնելու իր լիարժեք իրավունքից, ինչպես նաև իր կամքով ընտրել ծառայության տեսակը: Նշվել է, որ հնարավորությունների նոր ճանապարհներ են բացված զինվորական ծառայության կազմակերպման, ինչպես նաև կրթության հաջորդական փուլերի ապահովման համար: Քննարկված նախագծերն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը: «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ ևս հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: |