Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բելառուսի դեմ խաղի պայմանավորված լինելու վերաբերյալ հայտարարությունները զզվելի և խայտառակ զրպարտանք են». ՀՖՖ-ի պարզաբանումը

23:25, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
«Բելառուսի դեմ խաղի պայմանավորված լինելու վերաբերյալ հայտարարությունները զզվելի և խայտառակ զրպարտանք են». ՀՖՖ-ի պարզաբանումը

Այսօր հայկական տարբեր լրատվամիջոցներ, հղում կատարելով պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող Federbet միջազգային կազմակերպությանը, լուրեր տարածեցին, թե, իբր, նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ։

ՀՖՖ մամուլի քարտուղարությունն ստիպված է հերթական անգամ պարզաբանել որոշ շահագրգիռ, պատվիրված, անձնական շահն ամեն ինչից գերադասող և ծախու գրչակների զրպարտանքն ու պրովոկացիան:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը մասնագիտական պարզաբանման նպատակով նախ դիմեց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանին, ով միևնույն ժամանակ ՈւԵՖԱ-ի «Պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների» Հայաստանի պատասխանատու համակարգողներից մեկն է.

«Նախ նշեմ, որ պայմանավորված խաղերը և կասկածելի խաղադրույքներն իսկապես լուրջ մարտահրավեր են ինչպես ֆուտբոլի, այնպես էլ գրեթե բոլոր այլ մարզաձևերի համար: Այդ իսկ պատճառով ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, միջազգային և ազգային գրեթե բոլոր իրավապահ մարմինները համագործակցաբար ամենախիստ մեթոդներով պայքար են մղում պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների կազմակերպիչների և մասնակիցների դեմ: Կարևոր է նշել նաև այս համագործակցության կարևոր մասնակիցների, բուքմեյքերական ընկերությունների դերը, ովքեր շահագրգիռ են նշված ապօրինի գործունեության արդյունքում խոշոր դրամական կորուստներից ապահովագրվելու համար:

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցում է ՈՒԵՖԱ-ի «Պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների» վարչության և կասկածելի կամ պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող Sportradar միջազգային կազմակերպության հետ: ՈւԵՖԱ-ի վերոնշյալ վարչությունը, բուքմեյքերական ընկերությունների հետ համատեղ, մոնիտորինգ է իրականացնում Եվրոպայի տարածքում ֆուտբոլային բոլոր հանդիպումների (հատկապես, եթե սահմանվել են խաղադրույքներ) նկատմամբ և համադրում բուքմեյքերական շուկայից ստացված ողջ տեղեկատվությունը: Կասկածելի դեպքերում կազմվում է մասնագիտական-վերլուծական ծավալուն զեկույց, որը հետագայում ներկայացվում է ազգային (անհրաժեշտության դեպքում՝ միջազգային) իրավապահ մարմինների ուշադրությանը: Հատկանշական է, որ նշված համագործակցության արդյունքում Հայաստանում արդեն իսկ կան բացահայտումներ, որոնք գտնվում են դատավարական գործընթացում:

Պետք է նշել, որ ՀՖՖ-ն խնդրո առարկա խաղի վերաբերյալ չի ստացել որևէ զեկույց ոչ ՈՒԵՖԱ-ի, և ոչ էլ Sportradar-ի կողմից, և այդ պատճառով կարող ենք վստահաբար հայտարարել, որ խաղի կասկածելի կամ պայմանավորված լինելու վերաբերյալ հայտարարությունները ոչ այլ ինչ են՝ քան զզվելի և խայտառակ զրպարտանք։

Ինչ վերաբերում է Federbet ընկերությանը, ապա այն կատարել է ընդամենը հարցական նշանով ֆեյսբուքյան գրառում, որը շահագրգիռ և ակնհայտ պատվեր կատարող որոշ լրատվամիջոցներ փորձել են մատուցել որպես ցանկալի իրականություն: Ավելացնենք նաև, որ Federbet-ը բավականին երիտասարդ հասարակական կազմակերպություն է, ակնհայտորեն չունի բավարար ռեսուրսներ ծավալուն վերլուծության համար (համոզվել ենք նախկինում արված պաշտոնական հարցման արդյունքում) և, որ նրանց կողմից «որակված» բազմաթիվ խաղեր մանրակրկիտ ստուգվել և հերքվել են ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմնի կողմից»:

Վերադառնալով ՀՖՖ-ին, հայկական ֆուտբոլը և ազգային հավաքականին միգուցե բարձր գումարի դիմաց, սակայն էժանագին պատվերով վարկաբեկելու, զրպարտելու և սադրելու փորձերին՝ նշենք, որ հայտնի լրատվամիջոցն այն կատարում է ծիծաղելու աստիճան անորակ և տգիտության բացահայտ դրսևորմամբ, ինչի որի վառ ապացույցն են վերջին գրեթե մեկ տարվա «ֆուտբոլային» բոլոր հրապարակումները: Զրոյական գիտելիքներ քննադատվող ոլորտի մասին, տարրական տրամաբանությունից զուրկ եզրահանգումներ, փաստերի ակնհայտ խեղաթյուրում և այլն:

Անթույլատրելի ենք համարում անձնական, նեղ շահադիտական նկրտումներով մի ողջ ոլորտի և նրա հավաքական կերպարի էժանագին զրպարտումը, որի զարգացման և լավագույն արդյունքների համար քրտնաջան մարզվում և աշխատում են հազարավոր ազնիվ մարդիկ: Հայտարարում ենք, որ նման վարքագծի շարունակության պարագայում ստիպված կլինենք օրենքով սահմանված կարգով դիմել համապատասխան միջոցների:

3537 | 2
Facebook