Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

««Մեր մանկության տանգոն» ֆիլմից հետո բոլորը մտածում էին, թե Գալյան կրակի կտոր է, տանը բոլորին իրենց տեղն է ցույց տալիս, բայց իրականում հակապատկերն էր». թոռնուհի

14:05, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
««Մեր մանկության տանգոն» ֆիլմից հետո բոլորը մտածում էին, թե Գալյան կրակի կտոր է, տանը բոլորին իրենց տեղն է ցույց տալիս, բայց իրականում հակապատկերն էր». թոռնուհի

«Փոքր տարիքում չէի գիտակցում՝ Գալյա Նովենց անունը մարդկանց համար ինչ արժեք ունի, որովհետև նա իմ տատիկն էր: Բայց հետո, տարիներ անց հասկացա, որ իրավունք չունեմ նրա մասին խոսելու որպես միայն իմ տատիկ: Ես ընդհանրապես բնավորություն չունեմ շեշտելու, որ Գալյան իմ տատիկն է, բայց ովքեր գիտեն, ասում են` մի ասա Գալյայի թոռն եմ, Գալյան միայն քոնը չէʹ… Նա առաջին հերթին բոլորինն է, հետո նոր` իմը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Գալյա Նովենցի թոռնուհին` դերասանուհի Մարիամ Ղազանչյանն, ում հուշերը տատիկի հետ կապված անվերջանալի են:
     «Կարելի է ասել՝ ինքն է ինձ պահել... Հիշում եմ, առավոտյան արթնանում էինք, ինձ իր հետ տանում էր փորձի, հետո միասին գալիս էինք տուն, այդ ժամանակ իր մոտ էի մնում: Դրանք անմոռանալի ժամանակներ էին ինձ համար, թեʹ Սոս Սարգսյանի փորձերն եմ հիշում, որ գնում նստում էի դահլիճում, թեʹ Խորեն Աբրահամյանի»,- պատմում է դերասանուհին:
     «Աշխարհի ամենալավ տատիկն էր»,- ասում է Մարիամը: «Եթե երեք ճաշատեսակ արդեն կար ու ես հանկարծ որոշեի ուտել ենթադրենք` փլավ, նա պարտադիր այդ պահին պատրաստում էր: Նա բոլորին դիմանում ու հարմարվում էր»: Մարիամի խոսքով` նա շատ փակ անձնավորություն էր, առհասարակ չէր սիրում հարցազրույցներ տալ, երևալ, լինել ուշադրության կենտրոնում: «Անընդհատ փախչում էր: Բնավորությունն էր այդպիսին, ասում էր՝ ես չեմ սիրում աչքի ընկնել, առհասարակ ինքն իր մասին չէր խոսում, անգամ, երբ ինչ-որ տեղ էինք գնում և իր կենացն էին խմում, կամ սկսում էին գովել, փոքր երեխայի պես ամաչում էր: Երևի մարդու մեծությունը հենց դրանում է, չափից դուրս համեստ էր»,- պատմում է թոռնուհին:
     Երբ հիվանդ լինեի, բոլոր փորձերն ու գործերը թողնում, գալիս, կողքս նստում էր, թեյ էր տալիս...
     Գալյա Նովենցին բարկացնելը դժվար էր, բայց նա միանգամից կարող էր անելանելի վիճակում հայտնել, երբ ընտանիքի անդամներից մեկը որևէ խնդիր ունենար: «Եթե ես ինձ վատ էի զգում, բոլոր փորձերն ու գործերը թողնում, գալիս էր մեր տուն, նստում էր կողքիս, թեյ էր պատրաստում: Նա նաև շատ լավ սկեսուր էր մայրիկիս համար, նրանք կարծես երկու քույր լինեին, երբեք հարս և սկեսուր հարաբեություններ չեն ունեցել: Տատիկս շատ էր մայրիկի հետ կիսվում, տան մթնոլորտը շատ լավն էր»,- հիշում է Մարիամն, ում բնութագրմամբ` Գալյայի սերն ընտանիքի նկատմամբ բառերով անհնար է նկարագրել: «Ուշագնաց էր լինում դստերս` իր ծոռնուհու համար, խելագարվելու աստիճան էր սիրում, և միևնույն էր, որ կողքից նայում են, շատ անգամ նույնիսկ գժի տպավորություն էր թողնում»,- անկեղծանում է Մարիամը:
     Նրա խոսքով` հատկապես «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հետո բոլորը մտածում էին, որ Գալյան կրակի կտոր է, և տանը բոլորին իրենց տեղը ցույց է տալիս: «Բայց իրականում հակապատկերն էր:

««Մեր մանկության տանգոն» ֆիլմից հետո բոլորը մտածում էին, թե Գալյան կրակի կտոր է, տանը բոլորին իրենց տեղն է ցույց տալիս, բայց իրականում հակապատկերն էր». թոռնուհի
««Մեր մանկության տանգոն» ֆիլմից հետո բոլորը մտածում էին, թե Գալյան կրակի կտոր է, տանը բոլորին իրենց տեղն է ցույց տալիս, բայց իրականում հակապատկերն էր». թոռնուհի

     Ովքեր առիթ էին ունենում իր հետ շփվելու, զարմանում էին, իր դերեից և ոʹչ մեկն իրեն նման չէ»,- վստահեցնում է Մարիամը: «Նա չէր սիրում աչքի ընկնել: Հիշում եմ, երբ փողոցում զբոսնում էինք, պատահական մարդիկ մոտենում, ծաղիկներ էին նվիրում, շփոթվում էր»: Իսկ Մարիամն այդ պահին ստիպված էր լինում լուսանկարչի դեր ստանձնել, երբ փողոցում մարդիկ հերթով ցանկանում էին տատիկի հետ նկարվել: «Բայց այդքան սիրված ու ճանաչված լինելն իրեն չփոխեց»,- վստահեցնում է թոռնուհին:
    
     Երբ ես պետք է ամուսնանայի, զանգ տվեց, ասաց` ամբողջ գիշեր չեմ քնել…
    
Մարիամը հաճախ է հիշում տատիկի ու պապիկի` Երվանդ Ղազանչյանի հումորները: «Մի անգամ տատիկը որոշել էր պապիկին 10-ով 0 անել, ձևացրեց, որ ձայնը կտրվել է, կտրված ձայնով էր խոսում, ինձ էլ աչքով էր անում: Պապիկը ուղիղ մի օր հավատաց, ասում էր` ի՞նչ դեղ բերեմ, գուցե` թե՞յ խմես... տատիկը վերջում չդիմացավ, սկսեց բարձր ձայնով ծիծաղել…
     Երբ իրենց տանն էի մնում, իմ դպրոցն իրենց տանից ոտքով երեք րոպե հեռավորության վրա էր, ամբողջ թաղի երեխաները մենակ էին գնում դպրոց, իսկ նա ինձ չէր թողնում: Մի անգամ, առավոտյան լաց եղա, ասացի` բոլոր իմ ընկերները մենակ են գնում, ասաց` լաʹվ, գնաʹ: Ես փողոցով քայլում եմ, ու զգում, որ մարդիկ ծիծաղում են: Շրջվեցի` տեսնեմ տատիկը մարդկանց հետևում թաքնվելով, ինձ հետևելով ուղեկցում է դպրոց: Նրան էլ փողոցում ճանաչում էին, ու բոլորը զարմացել էին, թե ինչո՞ւ է Գալյան կուչ եկած մարդկանց հետևից քայլում»: Մարիամը նաև հիշեց, որ երբ պետք է ամուսնանար, տատիկը զանգ տվեց և ասաց, որ ամբողջ գիշեր չի քնել: «Հարցրեցի` ինչո՞ւ, ասաց` որովհետև դու ճաշ պատրաստել չգիտես: Նրա համար դա խայտառակություն էր, մարդիկ ի՞նչ կմտածեն… Ինքը, որ միշտ պատասխանատու է եղել նման հարցերում, վատ էր զգում, ինձ էլ ասում էր` արիʹ, կողքս կանգնիʹր, սովորիʹր»:
««Մեր մանկության տանգոն» ֆիլմից հետո բոլորը մտածում էին, թե Գալյան կրակի կտոր է, տանը բոլորին իրենց տեղն է ցույց տալիս, բայց իրականում հակապատկերն էր». թոռնուհի
««Մեր մանկության տանգոն» ֆիլմից հետո բոլորը մտածում էին, թե Գալյան կրակի կտոր է, տանը բոլորին իրենց տեղն է ցույց տալիս, բայց իրականում հակապատկերն էր». թոռնուհի

Մինչև վերջին վայրկյանը մեզ համար խաղում էր, որ տեղյակ չէ իր հիվանդության մասին...
     Կյանքի վերջին տարիներին էլ Գալյա Նովենցը բնավորությամբ չփոխվեց, պարզապես կյանքի բերումով ինչ- որ չափով կոտրվեց, շատ ու շատ առաջարկներ մերժեց, թեʹ «Մոսֆիլմ»-ից, թեʹ ամերիկյան ֆիլմերից հրավերներ եղան: «Պատճառը կորուստներն էին, որ հսկայական հարված էին մեր ընտանիքի համար, բայց Գալյան, որ փակ էր ու ինքնամփոփ, լաց չէր լինում, ներսում էր պահում ամեն ինչ: Երբեք իր ներսի ողբերգությունից տեղյակ չէիր լինի, բայց վերջին տարիներին տրամադրությունն այլևս այն չէր: Երբ գալիս էր Երևան, պապիկն առանց իրեն զգուշացնելու, իր մասկանցությամբ ներկայացում էր դնում, ասում էր` ինչի՞ եք դրել, չեմ ուզում խաղամ… բայց, երբ գալիս էր ներկայացման օրը, բեմում 17 տարեկան աղջկա էներգիայով էր լցվում, տրամադրությունը փոխվում էր, 70 տարեկան էր, բայց դեռ դողում էր բեմ դուրս գալուց առաջ: Ասում էր` վախենում եմ մի բան այնպես չլինի…»:
     Գալյա Նովենցի հիվանդության մասին հարազատները շատ ուշ իմացան, երբ այլևս հնարավոր չէր որևէ բան փոխել. «Ամեն օր ու ամեն ժամ հնարավորինս ամեն ինչ անում էինք, որպեսզի կյանքը երկարացնենք, և նա մինչև վերջին վայրկյանը մեզ համար խաղում էր, իբր ինքը տեղյակ չէ»,- հիշում է Մարիամն, ում խոսքով` Գալյան նմանը չունեցող տեսակ էր. «Դա ոչ թե իմ, այլ ամբողջ ժողովրդի կարծիքն է: Ու ես ուրախ եմ, որ, երբ ասում են Գալյա Նովենց, բոլորի մտքում միանգամից արթնանում է Սիրանույշը»:
    
     Հեղ.` Անի Մնացականյան

12279 | 0
Facebook