Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

4-րդից բարձր դասարանների համար անվճար դասագրքերն զգալիորեն կթեթևացնեն ծնողների սոցիալական բեռը. կբավարարի՞ արդյոք ՍԴ-ն ՄԻՊ-ի դիմումը

12:40, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
4-րդից բարձր դասարանների համար անվճար դասագրքերն զգալիորեն կթեթևացնեն ծնողների սոցիալական բեռը. կբավարարի՞ արդյոք ՍԴ-ն ՄԻՊ-ի դիմումը

Օրեր առաջ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան` պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ: Իր դիմում նա մասնավորապես նշել է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

«Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը»,- գրել է Ա. Թաթոյանը` տեղեկացնելով, որ ծնողների` Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ կարգավորումները մի շարք բարդություններ են ստեղծում երեխաների և նրանց ծնողների համար։

Ի՞նչն է պատճառը, որ ԿԳՆ-ն դպրոցների գրադարանների դասագրքերը չի բազմացնում, որպեսզի ծնողներն ամեն տարի ստիպված չլինեն վճարել այդ գրքերի համար:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի` Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը, դպրոցներում դասագրքրերն անվճար դարձնելու վերաբերյալ, շատ քաղաքացիների կողմից ուրախությամբ է ընդունվել: Նրանցից Կարեն Հովհաննիսյանը գրառում է արել համացանցում. «Օրինակի համար նշեմ, որ ես 9-րդ դասարանի դասագրքերի համար մուծում եմ շուրջ 8000 դրամ, իսկ 5-րդ դասարանի համար 6000 դրամ: Համեմատության համար ասեմ, որ այս երկու վարձավճարների ընդհանուր գումարի չափով ես երեք երեխաներիս ապահովում եմ գրենական պիտույքներով: Կարծում եմ` սոցիալական բեռի թեթևացումը ակնհայտ կլինի ծնողների համար, եթե Սահմանադրական դատարանը բավարարի դիմումը»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով վճարովի դասագրքերի խնդրին և կարծիք հայտնելով ՄԻՊ-ի` ՍԴ-ին ուղղված դիմումի վերաբերյալ, նշեց, որ այսօր կրթության ոլորտում ավելի կարևոր հարցեր կան: «Իհարկե, ես շատ կուզենայի անվճար լինեին դասագրքերը, բայց պետք է մտածել` արդյոք դա լավագո՞ւյն ձևն է ներդրում անելու: Խնդիրն այն է, որ մենք ընտրել ենք մի համակարգ, որը շատ փոքր գումարով փորձում է ինչ-որ հարց լուծել: Յուրաքանչյուր ծնող տարեկան մեկ երեխայի հաշվով 4-5000 դրամ է վճարում դասագրքերի համար: Իմ կարծիքով` Հայաստանում ծնողների 70-80 %-ն ի վիճակի է տարեկան 5000 դրամ վճարել: Հասկանալի է, կան նաև բազմազավակ ընտանքներ, որոնք 2-3 դպրոցահասակ աշակերտ ունեն»,- նկատեց փորձագետը` նշելով, որ եթե անվճար լինեն դասագրքերն, այդ դեպքում, արդեն, թե´ ծնողների համար, թե´ ընդհանրապես, անվճար կրթության կետը կապահովվի:

«Դա արդեն կառավարությունը պետք է որոշի` ունի՞ ֆինանսական նման հնարավորություն: Միգուցե, եթե փող ունենք, վերանորոգե՞նք անմխիթար վիճակում գտնվող դպրոցները: Կառավարությունն այսօր փակում է դպրոցներում սովորող անապահով երեխաների 10 %-ի ծախսը, միգուցե դա քի՞չ է: Ես կարծում եմ` պետք է կոնստրուկտիվ մոտեցում գտնել, որ ոչ թե 10 %-ի ծախսը փակի այս կառավարությունը, այլ, գոնե, 20 %-ի, որպեսզի ավելի թիրախավորված լինի և բոլորն օգտվեն»:

Ըստ Ս. Խաչատրյանի` համակարգը մի թերություն էլ ունի` մի դասագիրքը 4-5 տարի օգտագործվում է, ինչը հիգիենայի և մաշվածության տեսանկյունից խնդիր է երեխայի համար: Երեխան դասագիրք է ստանում, որի մեջ արդեն պատասխանները գրված են, պատառոտված են և այլն:

Հիշեցնենք` տարիներ շարունակ հանրակրթական դպրոցների դասագրքերը վճարովի հիմունքներով են տրվում աշակերտներին, որոնք տարեվերջին կրկին վերադարձվում են: Սա, ի դեպ, շատ ծնողների համար ֆինանսական խնդիրներ է ստեղծում, քանի որ, եթե ծնողն ունի մեկից ավելի դպորցահասակ երեխա, ապա ստիպված է յուրաքանչյուր ուստարվա սկզբին իր բյուջեի սուղ միջոցներից որոշակի գումար դուրս հանել: Տեղեկացնենք, որ MAMUL.am-ը ժամանակ առ ժամանակ ստանում է նման բողոքներ քաղաքացիների կողմից:

1343 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am