Եթե Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չներկայանա իսպանական դատարան, նրա ձերբակալության մասին հրաման կարձակվի: Այս մասին, ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, ասել է Իսպանիայի Գերագույն դատարանի ղեկավար Կառլոս Լեսմեսը:
Կատալոնիայի՝ լիազորություններից զրկված նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, ով այժմ գտնվում է Բելգիայում,
անտեսել էր դատարան ներկայանալու պահանջը:
«Եթե նա չհայտնվի դատարան, ապա Իսպանիայում կամ ԵՄ ցանկացած այլ երկրում նրան ձերբակալելու հրաման կտրվի»,- ասել է Լեսմեսը:
Հոկտեմբերի 29-ին Իսպանիայի գլխավոր դատախազությունը դատական հայցեր էր ներկայացրել Կատալոնիայի նախկին ղեկավարության դեմ, նրանք մեղադրվում են ապստամբության, պետական համակարգը փոխելու կոչերի և պետական միջոցները վատնելու համար:
Ըստ իսպանական օրենսդրության՝ ապստամբություն կազմակերպելու համար նրանց մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում: