Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը բացառել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Մեծամորի ԱԷԿ-ի փակման հավանականությունը

12:15, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
Սերժ Սարգսյանը բացառել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Մեծամորի ԱԷԿ-ի փակման հավանականությունը

Հայաստանի և Եվորմիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումից հետո Մեծամորի ատոմակայանի փակման մասին քննարկումներն արհեստական են և իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «ԵՄ հետ համաձայնագրի նախագծում այդ կետը ձևակերպված է կանխադրված կերպով՝ ենթադրելով Մեծամորի ատոմակայանի շահագործման օբյեկտիվ ժամկետն է»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ատոմակայանի փակման մասին համաձայնագրում հիշատակում անգամ չկա:
     «Կարևոր է նշել, որ ատոմակայանը գործում է ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին համապատասխան: Այնպես որ, Մեծամորի ատոմակայանը կծառայի առնվազն միչև 2027թ: Մենք կարծում ենք, որ մեր անվտանգության, նախ և առաջ էներգետիկ անվտանգության համար ատոմային էներգիան Հայաստանում միշտ էլ գոյություն է ունենալու»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
     Հիշեցնենք, սակայն, որ 2008-ին՝ խորհրդարանից դիմելով հայ ժողովրդին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանն սկսելու է նոր ատոմակայան կառուցել: Ծրագիրը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց: Վերջերս՝ 2017-ի հոկտեմբերի 27-ին ելույթ ունենալով նախագահին կից անվտանգության խորհրդի հերթական նիստին, Սարգսյանը տեղեկացրեց, որ կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականը: Նշենք, որ այն վերանորոգման փուլ է անցնում ռուսական վարկի միջոցներով: Տարբեր փորձագետներ, սակայն, մտահոգություն են հայտնում, որ անթույլատրելի է դա անել անվտանգության հաշվին:

4942 | 0
Facebook