Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ընդունված եղանակով հարուստներին բեմից ծաղրելն այլևս հետաքրքիր չէ». Դավիթ Հարությունյան

14:15, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
«Ընդունված եղանակով հարուստներին բեմից ծաղրելն այլևս հետաքրքիր չէ». Դավիթ Հարությունյան

«Այն, ինչ արվել է նախկինում, իր ժամանակի պահանջների մեջ է եղել, հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ ժամ առ ժամ նոր ձևաչափեր են հայտնվում, շուկայական հարաբերությունների նոր կանոններ են հաստատվում, և ուզենք, թե չուզենք, չենք կարող դրա հետ չառնչվել, որքան էլ թատրոնն արվեստի օջախ է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պատանի հանդիսատեսի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Դավիթ Հարությունյանը: Նրա համոզմամբ` թատրոնին ինչպես երեկ, այնպես էլ հիմա լուրջ ներդրումներ են պետք, անըդհատ նոր ռեսուրսներ են հարկավոր: Կվերանայվի խաղացանկն ու դեարասանակազմը, կհրավիրվեն տարբեր ռեժիսորներ: Նոր գեղարվեստական ղեկավարը չի պատրաստվում բոլոր ներկայացումները մենակ բեմադրել: Մոտ 20-22 պիեսներ արդեն առանձնացված են. «Խաղացանկում պետք է լինեն ժամանակակից ոգով բեմադրված պիեսներ, նույնիսկ դասական գործերը պետք է հնչեն նորովի: Ներկայացումներն անպայման պետք է միտված լինեն նոր սերնդի քաղաքացի կերտելու գործին: Մեր ժամանակակից դրամատուրգներին կպատվիրենք հատուկ թեմաներով գործեր»,- նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով` կան ներկայացումներ, որոնք արդեն իրենց ժամանակն ապրել են և գեղագիտորեն չեմ համապատասխանում այսօրվա պահանջներին. «Դրանք աստիճանաբար կլքեն խաղացանկը: Դա նորմալ պրոցես է: Թատրոնը պատկերասրահ չէ, որ այն ամենն ինչ արվել է, հավիտյան պահպանվի խաղացանկում: Վստահ եմ, որ նոր, հետաքրքիր ճանապարհ ենք անցնելու»,- ասում է Դավիթը:

«Հարուստներին բեմից ծաղրելն այլևս հետաքրքիր չէ…». Դավիթ Հարությունյան
«Հարուստներին բեմից ծաղրելն այլևս հետաքրքիր չէ…». Դավիթ Հարությունյան

     Հարուստներին ընդունված կերպով բեմից ծաղրելն այլևս հետաքրքիր չէ...
     Հենց հիմա, մեր օրերում այնպիսի թեմաներ ունենք, որոնք կարող են ստանալ համամարդկային հնչեղություն: Ինքս հակված չեմ հարուստ, ունևոր մարդկանց ճակատային կերպով ծաղրել բեմից: Այն ընդունված ոճն ու մոտեցումը, կարծում եմ հիմա ժամանակավրեպ է և այդ եղանակը վաղուց սպառել է իրել, կրկնվող է և այնքան էլ հետաքրքիր չէ: Չէ՞ որ մենք գիտենք մի շարք տաղանդավոր և ուսյալ գործարարներ, մեկենասներ:
     Հիմա, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ, առայժմ մեքենայաբար սահմանափակել եմ ինձ, որպես ռեժիսոր մյուս բեմերում ներկայացումներ անելու հնարավորությունից: Հիմա ինձ ավելի քիչ եմ տեսնում միայն որպես բեմադրիչ, քանի որ ավելի մեծ պատասխանատվություն կա մյուս բեմադրիչների, կադրային և այլ աշխատանքային հարցերի հանդեպ: Այլ բան է, երբ դու գալիս, բեմադրում ու գնում ես, իսկ գեղարվեստական ղեկավարի ֆունկցիաները բոլորին են հայտնի: Ավելի շատ պլանային մարտավարությամբ անխափան առաջ գնալու ծրագրին հետևելու խնդիրներ կան: Սիրով եմ աշխատում: Ժամանակին ՊՀԹ-ում 5 ներկայացում եմ արել և իմ առաջին քայլերն արել եմ հենց այս թատոնում ու չէի պատկերացնում, որ մի օր կդառնամ գեղարվեստական ղեկավար: Թատրոնում, կարևորը համախմբվածություն կա և դրական մթնոլորտ:
     Թատրոնը մեր շուրջ է: Հանրապետության հրապարակով անցնող զորահանդեսները նույնպես նախապես բեմադրված են լինում: Թատրոնը ժամանակ առ ժամանակ հայտնվում է մետամորֆոզների մեջ, բայց այն երբեք չի կարող մեռնել: Թատրոնին շատ ու շատ բաղկացուցիչներ են հարկավոր, բայց ամենակարևոր պայմանը, որի շնորհիվ այն կենդանի է, դա հենց այդ կենդանի ակտ է: Թատերական էլեմենտներ կան եկեղեցում, հարսանիքների, նույնիսկ հուղարկավորությունների ժամանակ: Ես ոչ թե համոզում եմ, այլ ինֆորմացնում եմ բոլոր նրանց, ովքեր անընդհատ ասում են, որ թատրոնը մեռել է կամ կարող է մեռնել...
    
     Փողոցի լեզուն պետք չէ բեմ հանել...
     Մենք ունենք նորմալ խոսակցական հայրեն, ու պարտադիր չէ բեմ բարձրացնել գռեհիկ լեզուն: Լեզուն պետք է կենդանի լինի: Ցանկացած խելացի միտք կարելի է այս կամ այն լեզվով, բայց ինչո՞ւ անպայման գնալ հանդիսատեսին հաճոյանալու ճանապարհով:
     Մենք թատրոններ ունենք, որոնք գրան-պրիներով վերադառնում են հայրենիք և այդ մասին իմանում են մի քանի լրագրողներ, որոշ թատերական գործիչներ ու նրանց հարազատները: Ինչո՞ւ… Գրան-պրին նույն գրան-պրին չէ՞: Երկիրը ներկայացնող քայլ չէ՞: Կուզենայի, որ մենք մեզ գնահատել իմանայինք: Ես հպարտ եմ, որ մեր մարզիկները մեծ հաջողություններ են գրանցում, բայց ինչո՞ւ երբ գեղանկարիչն իր կտավը համաշխարհային որևէ ցուցահանդեսում ներկայացնում ու գնահատվում է, ամենաշատը մի կամ երկու կայքով թեթև անդրադարձ է լինում, կամ լուրերի վերջում մեկ-երկու րոպե ամենաշատը, արագ ասում են, ու վերջ, մոռացվում, գնում է: Ամբողջ քաղաքը ողողված է գովազդներով… լավ, արվեստն իսկապե՞ս մեզ պետք չէ…
    
     Ո՞նց բացատրենք, որ կոնֆետի ու աղի ձողիկի թղթերը թատրոնում չճռճռացնեն…
     Չգիտեմ, քանի անգամ մեր հանդիսատեսին զգուշացնենք, կամ էլ որտե՞ղ հնչեցնենք, որ թատրոն գալը դա կուլտուրա է, որ հավուր պատշաճի է պետք հագնվել: Դա ուտել-խմելու վայր չէ, դա առևտրի կենտրոն չէ… Այդ ավանդույթը կորցրել ենք, ցավոք: Բայց ո՞նց մենք խնդրենք, որ ճռճռան կոնֆետների ու աղի ձողիկի թղթերն այդքան ճռճռացնել ներկայացման ժամանակ պետք չէ, էլ ո՞ր պատերին գրենք կամ ո՞ւմ աղերսենք, խնդրենք ու աղոթենք, որ թատրոնի դահլիճ մտնելուց 3-րդ զանգից հետո անջատեն բջջայինները: Կինոթատրոններում ավելի ահավոր է, զանգը գալիս է՝ բարձր խոսում են... Թքած ունեն, որ մարդկանց դուրալի չէ, որ խանգարում են:
    
     Կուզեի Երևանն ավելի շատ լայնանար, ոչ թե կենտրոնածիգ կերպով բարձրանար...
     Ես կուզեի, որ բարությունն ու սերը շատանար: Երևանը գնալով դեպրեսիվ ու ագրեսիվ քաղաք է դառնում: Կուզեի Երևանն ավելի շատ լայնանար, ոչ թե կենտրոնածիգ կերպով բարձրանար... Ոչ շինարար եմ, ոչ էլ ճարտարապետությունից եմ շատ բան հասկանում, բայց կարծում եմ, որ քաղաքը պիտի լայնանա, տարածվի, մասշտաբներ առնի, հզորանա: Հիմա նորակառույց շենքեր կան՝ շքամուտքից դուրս ես գալիս, և ընկնում մեքենայի տակ: Ոչ բակ ունի, ոչ կանաչ գոտի:
     Հեղ.` Անի Մնացականյան

7680 | 1
Facebook