Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հոկտեմբերի 27-ի մասնակիցներն ու հրաման տվողները շատ հեշտ կբացահայտվեն, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի». Արմեն Մարտիրոսյան

17:05, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
«Հոկտեմբերի 27-ի մասնակիցներն ու հրաման տվողները շատ հեշտ կբացահայտվեն, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի». Արմեն Մարտիրոսյան

«Այդ հարցը դեռևս ամբողջովին կարծիքի տակ է գտնվում, նայած՝ որ տեսանկյունից ենք նայում: Եթե գլոբալ ենք հարցին նայում` բացահայտված է, որովհետև այդ ոճրագործությունն ուղղված էր հայկական պետականության ինքնիշխանության և հասարակական շահի դեմ: Ըստ էության, 1991 թվականից հետո, միակ լեգիտիմ իշխանությունը, որ ձևավորվել է, դա 1999 թվականի խորհրդարանական ընտրություններով ձևավորված իշխանությունն էր, որը գլխատելով` իշխանությունը վերադարձրեցին ոչ լեգիտիմ վիճակի»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` կարծիք հայտնելով, որ հրաման տվողները շատ հեշտ կբացահայտվեն, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի: «91-ից հետո Հայաստանում իշխանափոխություն չի եղել: Եթե իշխանափոխություն լինի, իրավապահ մարմինները, ոստիկանական համակարգն անկախ կլինեն, և այդ ժամանակ կբացահայտվի»:
     Հարցին` եթե ժամանակին հանրության կողմից հստակ պահանջ դրվեր, հնարավո՞ր էր բացահայտվեին պատվիրատուները, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Հանության հստակ պահանջը կլիներ, եթե որպես իշխանության լեգիտիմ աղբյուր պահանջվեր անկախ հետաքննչական մարմինների ստեղծումը: Այդ դեպքում հնարավոր էր, բայց ուղղակի առանց գործիքակազմի հանրային պահանջը, դա ոչինչ չէր փոխի»:
     Մեր զրուցակցի կարծիքով, եթե կենդանի լինեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանն ու մյուսներն, ավելի լավ վիճակում կլինեին երկիրն ու ժողովուրդը: «Մենք ավելի լավ վիճակում կլինեինք այն պարզ պատճառով, որովհետև հանրության կողմից վստահության քվե ստացած իշխանություն կլինեինք, որն, այնուամենայնիվ, փորձում էր երկրում փոփոխություններ իրականացնել, և, բնականաբար, այս փոփոխություների արդյունքում, այսպիսի իրավիճակում չէինք հայտնվի: Ըստ էության, իշխանությունն իր որակով դարձավ ֆեոդալական, մենք, բառիս բուն իմաստով, դարձանք ֆեոդալական երկիր, որտեղ հանրային ողջ ռեսուրսը, բնական պաշարներով հանդերձ, ծառայեցվում են մի քանի ընտանիքների, կլանների: Եթե մենք ունենայինք շարունակություն այդ իշխանության, մենք փոփոխություններ կտեսնեինք»,- եզրափակեց «Ժառանգության» փոխնախագահը:

4117 | 0
Facebook