Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ցանկացած փոփոխություն ընդունակ է առաջացնել սթրես, այդ թվում նաև եղանակային փոփոխությունը». հոգեբան

16:05, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
«Ցանկացած փոփոխություն ընդունակ է առաջացնել սթրես, այդ թվում նաև եղանակային փոփոխությունը». հոգեբան

Եղանակային փոփոխությունները հաճախ դեպրեսիայի առաջացման պատճառ են դառնում: Ինչպե՞ս խուսափել դրանից, ինչպե՞ս կանխարգելել, և հատկապես ո՞ր տարիքի մարդիկ են առավել հակված դեպրեսիաների. այս հարցերի շուրջ MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ: «Ցանկացած փոփոխություն ընդունակ է առաջացնել սթրես, այդ թվում նաև եղանակային փոփոխությունն, ինչին սկսում է հարմարվել մարդը»,- նշում է հոգեբանը:
     Նրա խոսքով` կան մարդիկ, ովքեր գերզգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ. «Դրան կարող է նպաստել ընդհանուր առողջական վիճակը, երբ մարդն ունի քրոնիկ հիվանդություն, բացասական հուզական վիճակ, չհաղթահարված սթրեսներ, կամ եթե մանկուց ականատես է եղել գերզգայուն վարքի մոդելի, օրինակ, երեխան հաճախ նկատել է ընտանիքի անդամների, հատկապես ծնողների կենտրոնացվածությունը եղանակի վրա, լսել է բացասական մեկնաբանություններ անձրևի, ամպամած եղանակի մասին և այլն»:
     Սոնայի դիտարկմամբ` ընդունված է ասել, որ աշնան և ընկճախտի միջև կապին նպաստում է արևի լույսի պակասը, ցերեկային ժամերի կրճատումը, վառ գույների սակավությունը: «Մարդիկ արևի առկայությունը ասոցացնում են լավ տրամադրության, աշխատունակության և շփվողականության բարձրացման հետ, իսկ մռայլ եղանակն` անկումային տրամադրության, աշխատունակության և շփվողականության իջեցման հետ»,- նշում է մասնագետը:
     Սոնա Հարությունյանի խոսքով` աշնանային դեպրեսիայից խուսափելու լավագույն միջոցը եղանակի դրական կողմերը գնահատելն է և հարմարավետության զգացումի ապահովումը: Իսկ դեպրեսիայի կանխարգելման համար խորհուրդ է տալիս առողջ ապրելակերպին հետևել. «Ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, սթրեսակայունության զարգացում, կանոնավոր զբոսանքներ, լավատես մարդկանց հետ շփումներ»: Հոգեբանի պնդմամբ` հաճախ ոչ թե բացասական հոգեվիճակի առաջացման անմիջական պատճառ եղանակն է լինում, այլ նախկինում կուտակված սթրեսները, չլուծված կոնֆլիկտները, ճնշված հույզերը, եղանակային փոփոխությունների լույսի ներքո «արթնանում» են և դրսևորվում ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական նախանշաններով: ««Հետևաբար, անհրաժեշտ է խթանել հոգեբանին դիմելու մշակույթը, որը մեծապես կօգնի հոգեկան առողջության պահպանմանը, ամրապնդմանը և զերծ կպահի տարբեր տեսակի փոփոխությունների բացասական հետևանքներից»,- նշեց մեր զրուցակիցն, ում փոխանցմամբ` ըստ վիճակագրության տարիքին զուգահեռ դեպրեսիայի առաջացման հավանակությունը մեծանում է: «Ռիսկային գոտում են նաև ճգնաժամային տարիքային խմբերը»:

4773 | 0
Facebook