Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես էր Վազգեն Սարգսյանը կանանց ոտքի տակ գցում, ծեծում, հայհոյում». Ավետիք Իշխանյան

16:13, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
«Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես էր Վազգեն Սարգսյանը կանանց ոտքի տակ գցում, ծեծում, հայհոյում». Ավետիք Իշխանյան

18 տարի է անցել 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքից, բայց, հասարակության մոտ դեռևս բազմաթիվ մթին հարցեր կան: Ոճրագործությունը ոչ միայն լիարժեք չի բացահայտվել, այլև բազմաթիվ տարակարծությունների և կասկածների տեղիք է տալիս:
     «Ես, ի տարբերություն ամեն ինչ իմացող շատ մարդկանց, չգիտեմ դրա պատասխանը, որովհետև վարկածները տարբեր են: Վարկածները հետևյալն են, որ խումբը ինքնուրույն է գործել կամ ուղղորդված է եղել Քոչարյանի կողմից, Ռուսաստանի կողմից, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից: Այս ամենը գալիս է նրանից, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգի նկատմամբ վստահություն չի եղել և այսօր էլ չկա: Եվ իրականում, մարդիկ կարող են սեփական կասկածներն ունենալ այդ գործի հետ կապված»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` նշելով, որ ինքը նույնպես իր սեփական կասկածներն ունի: «Բայց որևէ հարցի վրա վստահ չեմ, որովհետև այն ժամանակվա ընդդիմադիրների ասածներից, որոնք ավելի վստահ են ասում, երևում է, որ դա կազմակերպված է եղել Քոչարյանի կողմից: Այսինքն` մի մասը վստահ է, որ պատվիրված է, մի մասը` ոչ: Սա քաղաքական կողմնորոշումից է գալիս»:
     Ըստ Իշխանյանի, այնուամենայնիվ, մի քանի պարզ հարցեր գոյություն ունեն` հոկտեմբերի 27-ից հետո և´ գործադիր իշխանությունը, և´ իրավական, և´ դատաիրավական քննությունն իրենց ձեռքին էր: «Վազգեն Սարգսյանի եղբայրը վարչապետն էր, Գ. Ջհանգիրյանը` քննչական խմբի ղեկավարը: Մի ամբողջ տարի այդ քննությունն իրենց ձեռքին էր, և թե ինչպես են խոշտանգել հոկտեմբերի 27-ի մասնակիցներին, դա միայն կարելի է պատկերացնել, իսկ ես դա գիտեմ... Եվ, ամեն դեպքում, չկարողացան հասնել նպատակին. կա´մ պրոֆեսիոնալ չեն եղել, կա´մ այդ բոլոր տղաները եղել են մեծագույն հերոսներ, որ կարողացել են ոչինչ չասել: Ճիշտն ասած` քիչ հավանական է, որ նրանք մեծ հերոսներ լինեին: Սա մեկ: Կարծիք կար, որ դա Ռուսաստանն էր կազմակերպել, որովհետև Կ. Դեմիրճյանն ու Վ. Սարգսյանն ուզում էին ստեղծել ուժեղ պետություն, իսկ Ռուսաստանն ուժեղ պետության դեմ էր: Սա, այսպես կոչված` Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելուն էր միտված: Այստեղ նույնպես որևէ քննություն չի բռնում, որովհետև և´ Կարեն Դեմիրճյանը, և´ Վազգեն Սարգսյանն ամենաթունդ պրոռուսական գործիչներն էին: Նույնիսկ Վ. Սարգսյանը խոստացել էր ռուսական քաղաքական ուժերին, ինչին ես չէի կասկածում, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարող էր լինել Իսրայել այս տարածաշրջանում: Դեմիրճյանն այդքան տարի լինելով Կոմկուսի առաջին քարտուղար, ամենամեծ ռուսասերն էր, սա նույնպես քննության չի բռնում»,- մանրամասնեց իրավապաշտպանը` կարծիք հայտնելով, որ իրականում ոչինչ էլ չի պարզվի: «Ես այն կարծիքին եմ, որ իրենք գուցե ուղղորդվել են ինչ-որ ծառայությունների կողմից և իրենց թվացել է, թե հերոսություն են անում, սակայն կրկնում եմ, որ սա ընդամենը վարկած է և ոչ թե համոզմունք»:
     Հարցին` ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը, եթե կենդանի լինեին Վազգեն Սարգսյանը, Դեմիրճյանը, մյուսները, մեր զրուցակիցն ասաց. «Նախ` շատ կարճ ժամանակում Վազգեն Սարգսյանը կդառնար Հանրապետության նախագահ, որովհետև նա դրան էր ձգտում և արդեն փոշմանել էր, որ իր օգնությամբ և օժանդակությամբ Քոչարյանն է դարձել նախագահ: Հայաստանում այն պայմանական ազատությունները, որոնք կային Քոչարյանի ժամանակ և ինչ-որ չափով կան Սերժ Սարգսյանի ժամանակ, դրանք վաղուց գոյություն չէին ունենա, որովհետև Վազգեն Սարգսյանի պես բռնապետ ոչ ոք չի եղել։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես էր ՀԱԲ֊ի կալանավորված տղաների կանանց, քույրերին, մայրերին ոտքի տակ գցում, ծեծում, հայհոյում: ՀՀ ԳԽ֊ի դիմաց նրանք պահանջում էին իրենց հարազատներին ազատ արձակել։ Դուրս եկավ Վազգեն Սարգսյանը, հարձակվեց նրանց վրա և բռունցքներով, ոտքերով սկսեց հարվածել կանանց, նույնիսկ գետնին տապալվածներին։ Մի կերպ ես ու Սմբատ Հակոբյանը նրան կանգնեցրինք․․․Հայաստանի ընտրությունների ամբողջ կեղծիքների հիմնական պատասխանատուներից մեկը նա էր։ Բանակում, խաղաղ պայմաններում, ամենաշատ զոհերն ունեցանք իր Պաշտպանության նախարար եղած տարիներին (1995֊1998 թթ-ին) և բոլորն անպատիժ: Եվ ամբողջ երկրապահ ավազակախումբը, որոնք Հայաստանում իշխում են մինչև հիմա և իրենք են որոշում, թե ով պետք է լինի, դա նրա հիմնական կառույցն էր»:

96622 | 15
Facebook