Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նրա խորհուրդն էր` միշտ եղեք մեր ժողովրդի կողքին». այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

14:16, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
«Նրա խորհուրդն էր` միշտ եղեք մեր ժողովրդի կողքին». այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի հայ անվանի դերասանն այսօր կդառնար 87 տարեկան:
     «Այսօր եկել ենք պանթեոն շնորհավորելու վարպետի ծնունդը: Որտեղ ասեք շնորհավորել ենք վարպետին` էլ թատրոնում, էլ ինստիտուտում, տանը, հիվանդանոցում, տարբեր քաղաքներում հյուրախաղերի ժամանակ, բայց հիմա միայն պանթեոնում ենք շնորհավորում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: «Կարոտում ենք, բայց ինքը միշտ մեզ հետ է, չենք տխրում»,- ասաց դերասանը:
     Արմանը հիշեց՝ Սոս Սարգսյանը հաճախ ասում էր, որ պետք է մեր ժողովրդի կողքին լինենք: «Գյուղերում, կամ, եթե մի տեղ պակաս-պռատ է, ոչինչ, մերն է, պիտի շենացնենք, մեր ժողովուրդն է: Միշտ եղեք մեր ժողովրդի կողքին»,- սա էր խորհուրդ տալիս Սոս Սարգսյանը:
     «Ինչ որ մի ժամանակ մարդն ուզեց ինքն իրեն ճանաչել ու հորինեց թատրոնը։ Բեմը, թատրոնը ինձ համար մարդն է, նրա էությունը, շարժումը, կյանքը: Մենք դերասան չենք, մենք զինվոր ենք ու մեր զինվորի պարտքը պիտի կատարենք»,- ասում էր վարպետը:
     Սոս Սարգսյանը ծնվել է 1929-ին` Ստեփանավան քաղաքում։ Տեղափոխվելով Երևան աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954-1991-ին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` որպես դերասան։
     «Սոս Սարգսյանն ինչ խաղաց, խաղաց հայի ճակատագիր, խաղաց հայի դառնություն, անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը»,- վարպետի մասին ասել է ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:
     1991-ին հիմնադրել է Համազգային թատրոնը, որն էլ անվանվել է Սոս Սարգսյանի անունով:
     «Նա այն հազվադեպ երջանիկ արվեստագետներից է, ով չմահացավ, որովհետև նա դպրոց թողեց: Մենք այսօր չենք կրկնում իրեն, մենք այսօր շարունակում ենք իրեն` իր սկզբունքներն ու իր տեսակը»,- անկեղծացել էր Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի արդեն նախկին տնօրեն Վարդան Մկրտչյանն, ով մեզ հետ բացառիկ հարցազրույցում պատմել էր Սոս Սարգսյանի կյանքի վերջին րոպեների մասին:

2904 | 0
Facebook