Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչու են վատ աշխատում 13 համարի ավտոբուսները, կամ՝ շաբաթ-կիրակին գլխացավանք սարիթաղցու համար

17:20, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ինչու են վատ աշխատում 13 համարի ավտոբուսները, կամ՝ շաբաթ-կիրակին գլխացավանք սարիթաղցու համար

Սարի թաղի բնակչությանն սպասարկող 13 համարի ավտոբուսը շաբաթ և կիրակի օրերին սկսել է վատ աշխատել: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ այդ օրերին կանգնում են նույն խնդրի առաջ, ինչ որ նախկինում: Կանգառում սպասում են այնքան, մինչև 40, լավագուն դեպքում 30 րոպե անց, հայտնվում է բաղձալի ավտոբուսային երթուղին: Իհարկե, հուսահատ քաղաքացիներն ստիպված օգտվում են 9 համարի ավտոբուսից, սակայն, այս դեպքում արդեն, նրանք աշխատանքի վայր հասնելու համար 2 տրանսպորտ են փոխում, գումարած` ուշանալը:
     Վարորդներն ասում են, որ ընդամենը 5-3 ավտոբուս է աշխատում այդ օրերին, որոնք Քանաքեռից Սարի թաղ շատ ուշացումով են կարողանում հասնել: Նրանք նշում են, որ այդ վիճակն իրենց մեղքով չէ ստեղծվել, որ շահագործող կազմակերպությունն է աշխատանքային նման գրաֆիկ սահմանել, և քանի որ այդ օրը «նալոգը» քիչ է լինում, ուստի որոշվել է աշխատել մինչև ժամը 17:00-ն: Բացի այդ, վարորդները նշում են, որ ուզեն-չուզեն մինչև այդ ժամն են աշխատելու, քանի որ վառելիքը մինչև ժամը 17:00-ն է բավականացնում: Վերջինները վստահեցնում են, որ դեմ չեն ավելի երկար աշխատել այդ օրերին, սակայն մի դեպքում, եթե ավտոբուսների թիվն ավելացվի (նշենք, որ ընդամենը 7 ավտոբուս է սպասարկում Սարի թաղին), որովհետև, իրենց խոսքով` ո´չ «շնչելու պահ» են ունենում, ո´չ էլ հասցնում են «մի կտոր բան ուտել» ամբողջ օրվա ընթացքում:
     Հիշեցնենք՝ շուրջ յոթ-ութ ամիս է, ինչ Սարի թաղին սպասարկում է 13 համարի ավտոբուսը։ Հուրախություն տեղաբնակների՝ սույն ավտոբուսն ապահովում է տվյալ տարածքից տրանսպորտային անմիջական հաղորդակցությունը դեպի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ։ Վերջին ամիսներին նկատելի է, որ նշված ավտոբուսային երթուղին հանգստյան օրերին՝ շաբաթ և կիրակի (թեև հայաստանյան իրականությունում շաբաթ օրը նույնպես աշխատանքային օրերի շարքում է դասվում-խմբ․), սպասարկման հետ կապված խնդիրներ է առաջացնում։
     Բնակիչները պահանջում են՝ շաբաթ-կիրակի օրերին հաճախակիացնել սույն ավտոբուսների սպասարկումը և ավելացնել դրանց քանակը։
     MAMUL.am-ի թղթակիցը խնդրի հետ կապված պարզաբանում է խնդրել նաև Երևանի քաղաքապետարանից, որն ստանալուն պես կհրապարակենք:

5172 | 0
Facebook