Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օրինագծի շուրջ ՊՆ-ի ու գիտական-կրթական շրջանակների հակադրումը վտանգավոր է». նախաձեռնություն

13:30, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
«Օրինագծի շուրջ ՊՆ-ի ու գիտական-կրթական շրջանակների հակադրումը վտանգավոր է». նախաձեռնություն

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր դիտարկումներն է արել ՊՆ օրինագծի շուրջ` նշելով, որ ՊՆ ներկայացրած՝ ակադեմիական տարկետման վերացման դրույթի և հայրենական գիտության հակադրման թեզը համարում է արհեստական։
     «1. Դժվար է տեսնել որևէ ուղղակի կապ՝ զորակոչի և գիտության վտանգման միջև։ Մեծ հաշվով՝ նախորդ տարիների ընթացքում պետպատվերի տեղերի նվազեցմամբ (տարկետման հնարավորության պակասեցմամբ) այս հարցը գրեթե դուրս էր եկել օրակարգից:
     Գիտության առաջընթացին խոչընդոտող իրական խնդիրները գտնվում են այլ հարթությունում։ Կարելի է անգամ ասել, որ այսօր ՊՆ ներկայացրած օրինագիծն ուղղված է ոչ այնքան մարտունակության բարձրացմանը կամ երկրի անվտանգության ապահովմանը, այլ՝ արդարության հաստատմանը և անուղղակիորեն, կրթական համակարգի առողջացմանը։ Ի վերջո, Սահմանադրության համապատասխան հոդվածն ասում է. յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը։ Այս առումով՝ օրենքը պետք է ոչ թե պարզապես տեխնիկապես փակի ծառայությունից խուսափելու խողովակները, այլ հարցին մոտենա ավելի լայն, պոզիտիվ լուծման տեսանկյունից՝ ստեղծի պայմաններ, որ ցանկացած քաղաքացի գտնի երկրին իր ծառայությունն իրականացնելու եղանակը՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկությունների և բանակի/պետության պահանջների ադեկվատ հատման գծում։
     2. Հարցի պարզունակացումը՝ ՊՆ ու գիտական-կրթական շրջանակների հակադրումը վտանգավոր է, քանի որ չի տանում օրինագծի և բարձրացվող հարցերի շուրջ առողջ, կառուցողական քննարկման։
     3. ՊՆ-ն այս պահին կարծես թե գնում է փոփոխությունների և նոր մոտեցումների ճանապարհով։ Բոլորին (և առաջին հերթին՝ գիտական շրջանակներին) ձեռնտու կլինի, որ սա դառնա ոչ թե հակադրման, այլ՝ տարբեր ոլորտներում համաչափ և երկար սպասված փոփոխությունների փուլի սկիզբը։ Վաղուց ժամանակն է՝ ձեռնարկել Հայաստանի գիտական-կրթական համակարգի խորքային բարեփոխումները՝ առանց ձևականությունների, ներգրավելով բոլոր հնարավոր շահառուներին, չվախենալով սկզբնական շրջանում հնարավոր դժգոհություններից և թյուրըմբռնումից։
     4. Ակադեմիական գիտության, բուհական գիտության համակարգերն ունեն հիմնավոր բարեփոխումների անհրաժեշտություն։ Եթե մենք իսկապես մտահոգ ենք հայաստանյան գիտության որակով և հեռանկարով, ապա ժամանակն է՝ առանց վախենալու անդրադառնալ գիտական համակարգի շրջադարձային բարեփոխման խնդիրներին։ Ակադեմիական համակարգն այս վիճակով իրեն սպառել է։ Պետք է և հնարավոր է գտնել առողջացման, նորացման բանաձևեր՝ առանց սոցիալական և բարոյական վնասների, միաժամանակ՝ հօգուտ գիտության և առողջ գիտական շրջանակների։
     5. Բուհական գիտության համակարգը չի կայանում կամ ընթացքը շատ դանդաղ է։ Բուհերը միայն ընդունելության քննությունները, տարկետման իրավունքը, շենքերը և պակասող ուսանողները չեն։ Բուհերն ունեն գիտական կենտրոններ դառնալու խնդիր. բնական ընտրությամբ կենսունակ կմնան այն բուհերը, որոնք կգնան ժամանակակից աշխարհի ընթացքին համահունչ։
     6. Այլընտրանքային նախագծեր խումբն առաջարկում է իշխանություններին, գիտական և կրթական հանրությանը՝ սկսել խորքային քննարկումներ՝ Հայաստանում գիտական միջավայրի բարելավման ուղղությամբ։ Սա կարող է համարվել ապրիլից ձևավորվելիք նոր իշխանության օրակարգային առաջնահերթություններից մեկը։
     7. ՊՆ-ի սկսած՝ փոփոխություններին միտված քայլերը, այդ թվում՝ նոր ծրագրերը՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ», հաջողություն կբերեն պետությանը միայն այն դեպքում, եթե մյուս ոլորտների փոփոխությունները, և առաջին հերթին՝ գիտակրթական և սոցիալական համակարգի, ընթանան համահունչ քայլերով։
     8. Առավելագույն օբյեկտիվություն ապահովելու նպատակով՝ մենք առաջարկում ենք ուսումնասիրել նախորդ երկար տարիների ընթացքում ասպիրանտուրաների ճանապարհ անցած երիտասարդ գիտնականների գիտական թեզերի թեմաները և բովանդակությունը։ Շատ մեծ է հավանականությունը, որ դրանց մի զգալի մասը չունեն գիտական արժեք, մրցունակ չեն միջազգային գիտության շուկայում և չունեն որևէ օգտակարություն մեր պետության համար։ Մենք առաջարկում ենք՝ մոտ ապագայում լիովին վերանայել գիտական կոչումների և աստիճանների՝ Խորհրդային Միությունից մեզ մնացած համակարգը։
     9. Գալով 18 տարեկաններին. այդ տարիքում գործնականում հնարավոր չէ որոշել՝ ո՞վ է ուզում կամ ո՞վ է կարող զբաղվել գիտությամբ, և ով՝ ոչ։ Ծառայության երկու տարին բանակը պետք է օգտագործի նաև՝ աշխատելու համար ապագա ուսանողների հետ՝ ընթացքում նրանց չկտրելով աշխարհում ընթացող գործընթացներից, որոնք կարող են հետագայում օգնել նրանց՝ բուհի ընտրության և մասնագիտական կողմնորոշման հարցում։ Հակառակը, այդ երկու տարուց հետո երիտասարդը պետք է ավելի հասուն և կողմնորոշված լինի՝ իր ունակությունների, ցանկությունների, մասնագիտական կողմնորոշման հարցում։ Բանակը սրանով ձեռք է բերում նոր առաքելություն՝ պատրաստել ապագա մասնագետ, ուսանող, քաղաքացի։ Բայց բանակը սա լիարժեք կարող է անել միայն՝ գիտակրթական համայնքը որպես գործընկեր ունենալով։ Մտածենք սրա շուրջ, գտնենք համագործակցության օպտիմալ բանաձև, այլ ոչ՝ գնանք արհեստական հակադրության։
     10. Տրամաբանորեն՝ ՊՆ պետք է կարիք ունենա երիտասարդ գիտնականների, և հնարավորություն ստեղծի գիտական առաջընթացի համար՝ հենց բանակի շրջանակներում։ Ենթադրվում է, որ բանակին պետք են լինելու ոչ միայն հիմնարար գիտությունների մասնագետներ , այլև՝ հումանիտար, օրինակ՝ թուրքերենի, պարսկերենի, քրդերենի և այլ օտար լեզուների իմացությամբ երիտասարդներ, հոգեբաններ և այլն։ Այստեղ անելիք ունի ՊՆ-ն՝ թե՛ համապատասխան դաշտի ստեղծման ուղղությամբ, թե՛ գիտակրթական համայնքի հետ աշխատանքային խողովակների կատարելագործման ուղղությամբ։
     11. Որքան էլ տարօրինակ է՝ տարկետման հարցի շուրջ դեռևս իրենց կարծիքը չեն հայտնել ստեղծագործական բուհերի ներկայացուցիչները։ Տարօրինակ է, քանի որ հենց այստեղ կարող են ծագել խնդիրներ։ Կա օբյեկտիվ վտանգ, որ18 տարեկանից ծառայության ուղարկելով, մենք կարող ենք վտանգել երաժիշտ կատարողների որակները կամ գուցե ապագան։ Նույն մտավախությունը մշտապես կա մարզիկների հեռանկարի շուրջ։ Այստեղ թերևս կա պարզաբանումների և շտկումների անհրաժեշտություն։
     12. «Այլընտրանքային նախագծեր խումբը» խիստ անցանկալի է համարում ՊՆ-ի և քաղաքացիական որևէ համակարգի արհեստական հակադրման գործընթացը։ Իրավիճակը մեր տարածաշրջանում այնպիսին է, որ բանակը բնականորեն դարձել է մեր կյանքի մի մասը, մեր չոր իրականությունը։ Բանակը չի կարող դիտվել որպես առանձին միջավայր և առավել ևս՝ որպես հակադրման սուբյեկտ։ Բանակը մենք բոլորս ենք։ Մենք համոզված ենք, որ բանակի բարեփոխումները չեն կարող և չպետք է կանգ առնեն այս օրինագծերով։ Կան շատ այլ հարցեր, որոնք ունեն խորքային քննարկման և գրագետ լուծման անհրաժեշտություն»։

4042 | 0
Facebook