Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» տիպի հրթիռներ և ականանետեր. Արցախի ՊՆ

10:40, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» տիպի հրթիռներ և ականանետեր. Արցախի ՊՆ
     Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը:
     Հաշվի առնելով միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:
     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ:
Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» տիպի հրթիռներ և ականանետեր. Արցախի ՊՆ
Հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը

    
     ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
5908 | 0
Facebook