Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թող բանակում կոռուպցիան և փողով բանակից ազատվելը վերացնեն, հետո նոր կպնեն կրթությանը». ԵՊՀ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ

17:15, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
«Թող բանակում կոռուպցիան և փողով բանակից ազատվելը վերացնեն, հետո նոր կպնեն կրթությանը». ԵՊՀ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ

Այսօր ԵՊՀ նախկին ուսանողներն ու դասախոսները հանրային քննարկում են անցկացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում տարկետման տրամադրման պայմանների շուրջ: Նրանք դեմ են արտահայտվել այս օրինագծին` նշելով, որ այն լուրջ խոչընդոտներ է ստեղծելու կրթության բնագավառում և խթանելու է նաև արտագաղթի աճը: Ուսանողներն այն կարծիքին են, որ գիտության հաշվին չի կարելի բանակում զինվորների թիվն ավելացնել:
     Ուսանողներից մեկի խոսքով` ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մի քանի օր առաջ «Ֆեյսբուք»-ում նշել էր, որ գիտությունն ընդհանրապես չի տուժելու այս օրինագծի արդյունքում և բերել էր Իսրայելի օրինակը, թե այնտեղ բոլորը ծառայում են և այդ երկիրն ունի զարգացած գիտություն:
     «Ի պատասխան Ա. Հովհաննիսյանի, ես նշեցի, որ Իսրայելում գիտության զարգացման ամենակարևոր պատճառը ֆինանսավորումն է: 4 մլրդ դոլար ֆինանսավորում է ներդրվում իսրայելյան գիտության զարգացման ասպարեզում, իսկ այդ թվաքանակը շատ ավելին է, քան մեր պետության ամբողջ տարեկան բյուջեն: Այստեղ մեկնաբանությունները պարզապես ավելորդ են: Այնպես որ, կա գիտնականների թվաքանակի խնդիր, երբ համեմատություն ենք անում իսրաելյան և հայաստանյան գիտնականների միջև, ամբողջ փաստարկները հիմնազուրկ են: Իսրայելում 1 մլն բնակչության հաշվով կա 8. 500 գիտնական, իսկ մեզ մոտ այդ ցուցանիշը լավագույն դեպքում 1500-ի սահմանում է»,- նշեց նա:
     Մեկ ուրիշ ուսանողի խոսքով էլ` «թող բանակում կոռուպցիան և փողով բանակից ազատվելը վերացնեն և հետո նոր կպնեն կրթությանը»:
     Հիշեցնենք` Պնախարան օրեր առաջ ներկայացնելով այս նախագիծը` նշեց, որ ուսանողական տարկետումները չպետք է օգտագործվեն զինծառայությունից խուսափելու համար:
     Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված ուսումնական հաստատություններում, բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի ինտեգրված ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագիր` ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին։

Ըստ այդմ, քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի քան նրա 26 տարին լրանալու օրը:

Այսինքն ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի։

Հավելենք, որ խնդրի հետ կապված`«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը նույնպես իր անհամաձայնությունն է հայտնել և փաստարկներ է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ` բաց նամակ հղելով ՊՆ նախարար Վ․ Սարգսյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:

4634 | 2
Facebook