Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2017-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը

15:10, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
2017-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017թ. մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի այս տարվա դափնեկիրը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod նվագարկչի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի Թոնի Ֆադելն է։ ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա: «Երբ ութ տարի առաջ հիմնվեց այս անչափ կարևոր մրցանակաբաշխությունը, քչերն էին հավատում, որ այն իրականալի է, որ ՏՏ ոլորտի համաշխարհային լեգենդները ամեն տարի կժամանեն Հայաստան ստանալու այս պատվավոր մրցանակը։ Այսօր այն լիովին կայացած և միջազգային տեխնոլոգիական հանրության կողմից ընդունված պարգև է։ Եւ ես և իմ գործընկերները անչափ հպարտ ենք այս հանգամանքով»,- ասել է Մրցանակաբաշխության կազմ-կոմիտեի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: «Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն անբաժանելիորեն կապված է այդ ոլորտում երկրի համաշխարհային հեղինակության հետ։ Այդ ոլորտը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու հրամայականից ելնելով՝ անհրաժեշտ է ոչ միայն խրախուսել տեխնոլոգիաների զարգացումն ընկերությունների մակարդակով, այլև աջակցել միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ ՏՀՏ ոլորտում Հայաստանի վարկանիշի բարձրացմանն ուղղված աշխատանքներին: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակն այդ ուղղությամբ իրականացվող կարևորագույն նախաձեռնություն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն անբաժանելիորեն կապված է այդ ոլորտում երկրի համաշխարհային հեղինակության հետ։ Այդ ոլորտը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու հրամայականից ելնելով՝ անհրաժեշտ է ոչ միայն խրախուսել տեխնոլոգիաների զարգացումն ընկերությունների մակարդակով, այլև աջակցել միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ ՏՀՏ ոլորտում Հայաստանի վարկանիշի բարձրացմանն ուղղված աշխատանքներին: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակն այդ ուղղությամբ իրականացվող կարևորագույն նախաձեռնություն է»,- ասել է Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Մրցանակը հիմնվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ: Ընկերությունը մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է յոթերորդ տարին անընդմեջ:

3774 | 0
Facebook