Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեֆիլյանը լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ չի կարող մասնակցել Ներսես Պողոսյանի խոշտանգմանը

14:45, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Սեֆիլյանը լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ չի կարող մասնակցել Ներսես Պողոսյանի խոշտանգմանը

Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը` լքելով դահլիճը։
     Հիշեցնենք, որ 22 օր հացադուլի մեջ եղած Ներսես Պողոսյանի պաշտպանները նիստը հետաձգելու միջնորդություն էին ներկայացրել, ինչը մերժվել էր դատավորի կողմից: Այնուհետև շտապօգնություն էին հրավիրվել դատարան` ամբաստանյալին բուժզննության ենթարկելու համար:
     Ըստ շտապօգնության եզրակացության, Պողոսյանն իր ոտքով մոտեցել է իրենց և հրաժարվել բուժզննությունից, հետևաբար` նա ի վիճակի է մասնակցել նիստին։ Պողոսյանը հայտարարել է, որ դա սուտ է, ինքն իրեն վատ է զգում։
     Պաշտպանները նշել են, որ դատավորը խախտում է իրենց պաշտպանյալի իրավունքները, որից հետո Ժիրայր Սեֆիլյանը լքել է նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ չի կարող մասնակցել Ներսես Պողոսյանի խոշտանգման արարողությանը։
     Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, իսկ պաշտպանները հրաժարվում են մտնել նիստերի դահլիճ։
     Հիշեցնենք` Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք և զինամթերք պահելու համար:

3236 | 0
Facebook