Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերջին տարիներին Արցախում ավելացել է ուսումնասիրվող հուշարձանների քանակը

18:10, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Վերջին տարիներին Արցախում ավելացել է ուսումնասիրվող հուշարձանների քանակը
     Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներկայումս հաշվառված է շուրջ չորս հազար հուշարձան:
     Արցախի տարածքում, որտեղ խորհրդային տարիներին հնագիտական հետազոտություններ գրեթե չեն իրականացվել, իսկ եղածն էլ քաղաքական նպատակներ է հետապնդել, ներկայումս չափազանց կարևոր է հուշարձանների մանրամասն և օբյեկտիվ հետազոտությունը, այս մասին հայտնում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ հավելելով, որ այդ նկատառումներից ելնելով վերջին տարիներին ավելացել է հետազոտվող հուշարձանների քանակը:
     Ընթացիկ տարում ուսումնասիրվել է ինը հուշարձան՝ Տիգրանակերտը, Ծմակահողի Սբ. Ստեփանոսի դամբարանը, Դադիվանքը (այս երեք հուշարձաններում աշխատել է Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը՝ պ.գ.դ., պրոֆ. Հ. Պետրոսյանի ղեկավարությամբ), Քարինտակի Ալեքսանա Ղուզե քարանձավը (արշավախմբի ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Լ. Եպիսկոպոսյան), Միրիկ գյուղի ամրոցը (Քաշաթաղի շրջան, արշավախմբի ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Հ. Ավետիսյան), ինչպես նաև Շուշիի Վերին Մզկիթը, Շուշիի Մեղրեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, Քարագլուխ գյուղի գերեզմանատունը (Հադրութի շրջան) և Տող գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցին (վերջին չորս հուշարձաններում աշխատել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» արշավախումբը՝ պ.գ.թ. Ն. Երանյանի ղեկավարությամբ):
     Պեղվող հուշարձաններն ընդգրկում են Արցախի գրեթե ամբողջ տարածքը և վերաբերում են տարբեր ժամանակաշրջանների։ Վերջին տարիներին մշակութային ժառանգության նկատմամբ աճել է նաև Արցախի բնակչության հետաքրքրությունն, այսօր նրանք ավելի շատ տեղեկություն ունեն հայրենի հուշարձանների մասին։ Վերը նշված հուշարձանների պեղումներից բացի որոշ հետախուզական աշխատանքներ են տարվել նաև տարբեր քաղաքացիների կողմից պատահական հայտնաբերված գտածոների տարածքներում։
2325 | 0
Facebook