Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչու է Երևանի քաղաքապետարանն իր բյուջեից տարեկան 11 մլն․ դրամ անդամավճար տալիս մի ասոցիացիայի, որը փաստացի չի գործում». «Ելք»-ը՝ քաղաքապետին

14:40, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
«Ինչու է Երևանի քաղաքապետարանն իր բյուջեից տարեկան 11 մլն․ դրամ անդամավճար տալիս մի ասոցիացիայի, որը փաստացի չի գործում». «Ելք»-ը՝ քաղաքապետին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրությամբ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզելու, թե ինչու է Երևանի քաղաքապետարանն իր բյուջեից տարեկան 11 մլն․ դրամ անդամավճար տալիս մի ասոցիացիայի, որը փաստացի չի գործում և որի նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը:
    
     Դիմումն ամբողջությամբ՝ ստորև․
    
     Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Երևան համայնքի ավագանին հանդիսանալով Հայաստանի ավագանիների ասոցիացիայի անդամ այդ կազմակերպությանը վճարում է տարեկան 11 մլն ՀՀ դրամ, մինչդեռ 2015թ. դրությամբ վճարվող անդամավճարը կազմում էր տարեկան 5.5 մլն դրամ: Ասոցիացիայի պաշտոնական կայքէջի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տևական ժամանակ է այդ կազմակերպությունը փաստացի չի գործում, ուստի առաջանում է անդամակցության վերանայման խնդիրը:

Հիմք ընդունելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՕ-5-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ.

· որքա՞ն ժամանակ է Երևան քաղաքի ավագանին անդամակցում Հայաստանի ավագանիների ասոցիացիային և որքա՞ն է կազմել տարեկան անդամավճարը ըստ անդամակցության տարիների,

· խնդրում եմ տրամադրել տեղկատվություն (ժամանակացույց) Հայաստանի ավագանիների ասոցիացիայի կողմից կազմակերպված աշխատանքներին Երևան քաղաքի ավագանու մասնակցության վերավերյալ,

· ի՞նչն է հիմք հանդիսացել Հայաստանի ավագանիների ասոցիացիային անդամակցության տարեկան վճարի կրկնապատկման համար,

Տեղեկացնում եմ նաև, որ համաձայն ասոցիացիայի պաշտոնական կայքէջում տեղադրված կանոնադրության 4.1 ենթակետի, կազմակերպության անդամ կարող է դառնալ ՀՀ ցանկացած քաղաքացի: Անդամակցության վերաբերյալ կանոնադրությամբ այլ բան սահմանված չէ, ինչը նշանակում է, որ սույն կազմակերպության անդամակցությունը կրում է բացառապես անհատական բնույթ և որպես հավաքական մարմին Երևան քաղաքի ավագանին չի կարող հանդիսանալ այս կազմակերպության անդամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը դիմում եմ Ձեզ առաջարկով՝ կասեցնելու Երևան քաղաքի ավագանու անդամակցությունը Հայաստանի ավագանիների ասոցիացիային և քննարկելու անդամակցության դադարեցման հարցը:

3114 | 0
Facebook