Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, երկամարտի 195 կգ արդյունքով, նվաճեց բրոնզե մեդալ: Ստուգատեսին իր մրցելույթը ծանրորդուհին ամփոփեց MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Ընդհանուր գոհ եմ: Մի փոքր պոկում վարժությունից եմ դժգոհ: Կարող էի ավելին, ուղղակի չստացվեց: Մարզիչներս գոհ են, որ մեդալ եմ նվաճել, բայց համակարծիք ենք՝ կարող էի մի փոքր ավելին: Այդ դեպքում այլ մեդալի համար պայքար կընթանար»:
Հարցին, արդյոք մեծահասակների Եվրոպայի առաջնությանն ստացած 0-ն ավելորդ լարվածություն չէր ստեղծում, Իզաբելլան պատասխանեց. «Լարվածություն չկար: Անցած մրցումները չեն խանգարում, քանի որ ամեն մրցումից հետո փորձում եմ վերլուծել և ուղղել սխալներս ու հաջորդին լավ մասնակցել»: