Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հասարակությունը խոսում է, որ հայտնի ուժերը պարտադրել են այս օրենքն՝ ընտանիքը պղծելու համար». Վարդան Բոստանջյան

15:35, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Հասարակությունը խոսում է, որ հայտնի ուժերը պարտադրել են այս օրենքն՝ ընտանիքը պղծելու համար». Վարդան Բոստանջյան
     ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» նախագիծի քննարկման շրջանակներում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, հարց ուղղելով Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, նշեց. «Ամբողջ հասարակությունը խոսում է այն մասին, որ համապատասխան կամ հայտնի ուժերը պարտադրել են մեզ այս օրենքը՝ ՀՀ-ում ընտանիքը վերացնելու, պղծելու համար: Դուք հիմա պարզ է՝ կասեք, որ նման բան չկա, բայց դրա համար կա ֆինանսավորում, գրանտներ և ինչ-որ կերպարներ պաշտպանում են: Ես երկար ժամանակ է՝ ինչ պատգամավոր եմ և գիտեմ, թե ինչպես են խաբում դիմացինին»:
     Ելույթին ի պատասխան՝ Վիգեն Քոչարյանն ասաց, որ ՀՀ-ին պարտադրելը հեշտ գործ չէ: «Իսկ եթե ի նկատի ունեք մեր միջազգային պարտավորությունը, բազմիցս հնարավորություն եմ ունեցել նշել, որ այո, ՄԱԿ-ի շրջանակներում մենք համապատասխան հանձնարարական և պարտավորություններ ունենք, սակայն մենք դա ստանձնել ենք կամովի և պետք է կատարենք: Ինչ վերաբերվում է գրանտներին, պետք է ասել, որ դա էլ գաղտնիք չէ. այս օրենքի ընդունումը նաև նախատեսված էր Եվրոմիության հետ բյուջետային աջակցության ծրագրով»:
     Շարունակելով իր միտքը՝ Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ երկիրը հազարավոր խնդիրներ ունի ու դրանք թողած՝ հայկական ընտանիքով ենք հուզված: «Դա է ինձ անհանգստացնում: Ինչո՞ւ այդ ֆինանսները չեն ուզում բաշխել այնպես, որ սոցիալական առաջնային խնդիրները լուծենք, աշխատատեղեր բացենք»,- եզրափակեց նա:
     Հիշեցնենք, որ նախագծի շուրջ քննարկումները ծայրահեղ հակասական են: Շատերը նշում են, որ նախագիծը կօգնի նվազեցնել ընտանեկան բռնությունների թիվը: Ոմանք էլ կարծում են, որ այս օրինագիծը կխեղաթյուրի հայ ավանդապաշտ ընտանիքի մասին պատկերացումները:
3258 | 5
Facebook