Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այլևս ոտք չեմ դնի էդ թատրոն. ինչ որոշում կայացրել են «վերևներում», թող իրենք էլ լուծը քաշեն». Հրաչյա Գասպարյան

15:50, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
«Այլևս ոտք չեմ դնի էդ թատրոն. ինչ որոշում կայացրել են «վերևներում», թող իրենք էլ լուծը քաշեն». Հրաչյա Գասպարյան

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանն, ով 1976-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, այսուհետ իր ռեժիսորական գործունեությունը կշարունակի Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնում:
     Անդրադառնալով Պատանի հանդիսատեսի թատրոնում առաջիկա անելիքներին՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ չի մտել հունի մեջ, հայտնի չէ թատրոնի ծրագիրը:
     «Բոլոր հարցերը պետք է քննարկվեն: Եթե մենք ուզում ենք ունենալ պատանիների և նույնիսկ մեծերի ժամանակակից թատրոն, մեծ ծրագրերի հետ գործ ունենք, որը պետք է տակտիկորեն հասկանալ՝ ինչ ենք ուզում, ինչ խաղացանկ ենք ստեղծելու և ոնց ենք դրան գնալու: Իհարկե բարդ հարց է, որը ժամանակ է պահանջելու»,- ասաց ռեժիսորը:
     Հրաչյա Գասպարյանն, ով 1993-ից աշխատել է որպես Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր, այլևս այդ թատրոնում որևէ գործունեություն չի ծավալելու. «Ոչ մի դեպքում այլևս էդ թատրոն ոտք չեմ դնի, երբեք: Ոնց ուզում են, ինչ որոշում կայացրել են վերևներում, թող իրենք էլ հետո լուծը քաշեն: Գիտեմ, որ շենքն էլ շուտով կտան, լավ է, թող տան, համենայնդեպս, մի թատրոնի շենք էլ կլինի, որը շատ պետք է մեր Երևանին»:
     Ի՞նչ հույսեր եք կապում Վիգեն Չալդրանյանի հետ հարցին էլ՝ արձագանքեց. «Վիգեն Չալդրանյանն ի՞նչ մեղք ունի, մեղք ունեն էն մարդիկ, ովքեր առանց հասկանալու կազմակերպեցին այդ քայլը: Ես, իհարկե, նրա փոխարեն կհրաժարվեի, բայց Վիգենը չէր կարող հրաժարվել»,- նկատեց նա:
     Դիտարկմանը` թե կարո՞ղ էր արդյոք այս ամենի պատճառը լինել այն, որ հատկապես վերջին շրջանում ռեժիսորը շատ կոշտ էր արտահայտվում իշխանությունների հասցեին, նկատեց. «Այն մարդիկ, ովքեր առանց հասկանալու և դաշտն առանց ուսումնասիրելու խառնվեցին, որ բնագավառում էլ ուզում է լինի, սխալ է: Պետք է գոնե ուսումնասիրել դաշտը, նոր որոշումներ կայացնել: Ռեժիսորը որպես ստեղծագործող սկսում է 30 տարեկանից, նոր հասկանում է այդ գիտությունը, որ կոչվում է թատրոն»,- նշեց նա, ում խոսքով` մեզ մոտ որոշում են, որ ոʹչ տարիքը, ոʹչ կյանքի ու գիտության փորձը նշանակություն չունեն:
     «Ես նեղացած չեմ»,- ամփոփեց Հրաչյա Գասպարյանը: «Ես այն մարդը չեմ, որ պետք չեմ, ես միևնույն է մի տեղ կգտնեի»:
    
     Հեղ.` Անի Մնացականյան

5748 | 0
Facebook