Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«ԵՄ-ն չպետք է համաձայնագրի կողմ դառնա մի ռեժիմի հետ, որն ունի քաղբանտարկյալներ». Կարո Եղնուկյանի նամակը՝ Պյոտր Սվիտալսկուն

14:25, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«ԵՄ-ն չպետք է համաձայնագրի կողմ դառնա մի ռեժիմի հետ, որն ունի քաղբանտարկյալներ». Կարո Եղնուկյանի նամակը՝ Պյոտր Սվիտալսկուն

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, ով ձերբակալվել է «Սասնա ծռեր»-ի գործով, բաց նամակ է հղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։
     Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
     Հարգելի պարոն Սվիտալսկի,
     Ես Հայաստանի արևմտյան կողմնորոշման և, մասնավորապես, մոտ ապագայում Եվրոպական Միության (ԵՄ) ընտանիքին միանալու հզոր քարոզիչն եմ: Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (CEPA), որը ԵՄ-ն մտադիր է նոյեմբերին ստորագրել Հայաստանի հետ, խիստ սահմանափակ և անատամ տարբերակն է Եվրոմիության Ասոցացման համաձայնագրի (EUAA), որը նախատեսված էր ստորագրել 2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը միակողմանի, ավտորիտար կերպով և չմտածված որոշում կայացրեց հօգուտ անհայտ և չփորձարկված Եվրասիական տնտեսական միության, որի կազմում բոլորը ավտորիտար և դիկտատորական ռեժիմներ ունեցող երկրներ են: Հավատալ, որ Սերժ Սարգսյանը այս անգամ չի կրկնի նույնը, առնվազն միամտություն է, անկախ նրանից, թե Եվրոպական Միությունը որքան լավ է պատրաստվել Համաձայնագրի կնքմանը։ Բարեբախտաբար, CEPA- ն, անկասկած, դեռևս կրում է EUAA քաղաքական դիրքորոշման հիմնական մասը, և ես նպատակ եմ հետապնդում ձեր ուշադրությունը հրավիրել քաղբանտարկյալների հիմնարար հարցի վրա: ԵՄ-ն, որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջատար, չպետք է համաձայնագրի կողմ դառնա մի ռեժիմի հետ, որն ունի քաղբանտարկյալներ:
     Իմ նամակի նպատակը ոչ թե այն է, որ Ձեզ տեղեկացնեմ, թե ինչ եմ ես զգում, կամ, թե Սերժ Սարգսյանը ինչ է անելու կամ չանելու, այլ որպեսզի պաշտոնապես հստակեցվի ձեր դիրքորոշումը և առավել ևս պարզ դառնա, թե որոնք են ԵՄ-ի այն արդարացուցիչ հիմնավորումները, որ թույլ են տալիս համաձայնագիր կնքել մի ավտորիտար ռեժիմի հետ, որը օրը ցերեկով անսպառ, շարունակաբար և մեթոդաբար խախտում է իր «անցանկալի» քաղաքական հակառակորդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, նրանց ենթարկելով քաղաքական հետապնդման: Ես ինքս հանդիսանում եմ ռեժիմի կողմից քաղաքական հալածվածներից և հալածված ընդդիմախոսներից մեկը, որը 70-ից ավելի այլ անձանց հետ ձերբակալվել և բանտարկվել է անհիմն մեղադրանքներով: Հայաստանում բոլոր քաղաքական գործերում առկա է նախնական կալանքի չարաշահումը: Կեղծ կամ հակասական ցուցմունքների օգտագործումը և գոյություն չունեցող կամ անընդունելի ապացույցները այն գործիքներն են, որոնք սարգսյանական ռեժիմն օգտագործում է ցանկացած այլակարծություն լռեցնելու համար։
     Քաղաքական հետապնդման ենթարկվող անձը, որը բանտարկության միջոցով զրկված է ազատությունից, մեխանիկորեն քաղաքական բանտարկյալ է դառնում, եթե նրա ձերբակալումն ու կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունեն: Երբ քաղաքական հետապնդումը ակնհայտ է ձերբակալությունից առաջ և ձերբակալումից հետո, ապա քաղբանտարկյալին առաջադրված կեղծ և անհիմն քրեական մեղադրանքները ընդամենը անհիմն պատճառաբանություններ են հակընդդեմ տեսակետը պատժելու համար: Ինչպես գիտեք, շատ երկրներ (բացառությամբ մի քանիսը, ինչպես օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը) իրենց քրեական օրենսգրքում չունեն քաղաքական նկատառումներով հոդվածներ, հետևաբար, այդ երկրներում, որոնցից է նաև Հայաստանը, քաղաքական հետապնդումը քողարկվում է քրեական մեղադրանքներով: Որպեսզի որոշվի, թե արդյոք տվյալ անձը քաղբանտարկյալ է, հարկավոր է քննության ենթարկել գործի հիմքում ընկած գործոնները մինչև ձերբակալումը, նախաքննության ընթացքում, և, նաև, թե ինչպես է պատշաճ ընթացակարգը խախտվում հենց նախաքննության ընթացքում:
     Քաղաքական հետապնդումը և քրեական գործի հարուցումը, ինչպես նաև քաղբանտարկյալի սահմանումը քաղաքական գնահատականներ են, և ոչ թե օրենքով կարգավորվող կամ դատարանի կողմից որոշվող իրավական դրույթներ, հետևաբար, ինձ մեծապես վրդովել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին ձեր խոսքը, որն ասացիք 2017-ի սեպտեմբերի14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Դուք, պատասխանեցիք ասելով, որ դուք և առավել ևս Եվրոմիությունը տեղյակ եք Human Rights (Մարդու Իրավունքների) կազմակերպությունների և ՀԿ-ների պահանջներից, որոնք վերաբերում են Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը, և, որ դուք քննարկել եք այդ հարցը Հայաստանի իշխանությունների հետ, չնայած որ Եվրոմիությունը միշտ չէ, որ կիսում է HR կազմակերպությունների և ՀԿ-ների կարծիքը և հիմնականում հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների վրա։ Դուք նաև հավելել եք, «ինչպես հայտնի է ՄԻԵԴ-ը որոշում չի կայացրել, որ Հայաստանում որևէ քաղբանտարկյալ կա»: Ձեր հայտարարությունից երկու հարց է ծագում.
     1. ՄԻԵԴ-ը արդյոք լիազորություն ունի որոշելու, թե ով է քաղբանտարկյալը:
     2. Արդյոք ՄԻԵԴ-ը երբևէ նման որոշում կայացրել է իր 58-ամյա պատմության ընթացքում: Այս երկու հարցերի պատասխանը միանշանակ ոչ-ն է:
     Ինչպես գիտեք Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 1953-ին միջազգային համաձայնագիր կնքեց ի պաշտպանություն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, որը հայտնի է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (ՄԻԵԿ): ՄԻԵԿ-ը իր հերթին հիմնել է ՄԻԵԴ-ը 1959-ին, որտեղ ցանկացած անձ, ով կարծում է, որ անդամ պետությունը խախտել է ՄԻԵԿ-ով ամրագրված հիմնարար ազատությունների իր Մարդու Իրավունքները, մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները, կարող է գործը ներկայացնել ՄԻԵԴ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ըստ սահմանման ՄԻԵԿ-ը չի կարող և չունի իրավասություն, որի վրա հիմնվելով կարող է ՄԻԵԴ-ին թելադրել որոշում կայացնել, թե ով է քաղբանտարկյալը, քանի որ, ինչպես վերը նշված է, դա քաղաքական որոշում է և ոչ թե իրավական, և այդ պատճառով էլ դատարանները չեն կարող նման որոշում կայացնել։
     Տեսականորեն, ՄԻԵԴ-ը կարող էր «քաղաքական» հայտարարություն անել իր որոշման մեջ՝ նշելով, որ օրինակ «Կարո Եղնուկյանի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները խախտվել են, և այդ խախտումները քաղաքական դրդապատճառներ են ունեցել, հետևաբար Կարո Եղնուկյանը քաղբանտարկյալ է »: Այնուամենայնիվ, որոշման այդ հատվածը իմ քաղբանտարկյալ լինելու մասին չի կարող օրենքով պարտավորեցնող լինել կամ պարտադիր կատարման համար, և ՄԻԵԴ-ի 58-ամյա պատմությունն էլ ապացուցում է, որ նման նախադեպ էլ չի եղել։
     Հատկանշական է, որ ԵԽ-ն, երբ 2001-ին Հայաստանն ու Ադրբեջանը դիմեցին ԵԽ անդամություն ստանալու համար, առաջին անգամ առնչվեց «քաղբանտարկյալ» եզրը սահմանելու խնդրին։ Նրանց անդամակցելու հարցը ժամանակավորապես կասեցվեց շնորհիվ քաղբանտարկյալների առկայության մասին եղած պահանջների։ Գտնելով, որ անհրաժեշտ է լուծել «Քաղբանտարկյալ» եզրի սահմանման խնդիրը, ԵԽ-ն Գլխավոր քարտուղարի անկախ փորձագետներ նշանակեց «քաղբանտարկյալ» եզրը սահմանելու համար և գնահատական տալու Հայաստանում և Ադրբեջանում ենթադրյալ քաղաքական բանտարկյալների առկա դեպքերին: Դրա հետևանքով երկու պետությունները ազատ արձակեցին իրենց բոլոր քաղբանտարկյալներին և անդամակցեցին ԵԽ-ին:
     Հաջորդ անգամ քաղբանտարկյալների հարցը վերանայվեց 2012-ին, երբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) համապարփակ քննարկում տեղի ունեցավ և «Քաղբանտարկյալի սահմանումը » հստակ ձևակերպվեց և վերահաստատվեց Բանաձև1900- ում: Ճանաչվեցին հինգ տարբեր չափորոշիչներ, որոնց հիման վրա կարող է որոշվել, թե ով է քաղբանտարկյալը: ԵԽԽՎ-ն այդ բանաձևում հրավիրեց և խրախուսեց «ԵԽ բոլոր անդամ պետությունների իրավասու մարմիններին վերանայել ցանկացած ենթադրյալ քաղբանտարկյալի գործ վերոնշյալ չափանիշների կիրառմամբ և ազատ արձակել նմանատիպ բանտարկյալներին կամ պատշաճ կերպով վերաքննել նրանց գործերը»: Ինչպես 2001-ին, երբ Եվրախորհուրդը ԵԽ-ին անդամակցելու համար որպես նախապայման առաջադրեց քաղբանտարկյալների ազատ արձակումը, ԵՄ-ն մինչև նոյեմբերին համաձայնագրի ստորագրումը նույնպես պետք է Հայաստանի իշխանություններից որպես նախապայման պահանջի նույնը։
     Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները ԵՄ արժեքների անկյունաքարն են, մինչդեռ քաղաքական հիմքերով այդ իրավունքների խախտումը հանգեցնում է ԵԽԽՎ-ի սահմանած չափորոշիչներն համապատասխան քաղբանտարկյալների առաջացմանը: ԵՄ-ն չպետք է և չի կարող որևէ հանգամանքի բերումով համագործակցել, պայմանագրեր կնքել, ֆինանսավորել պետական ծրագրերն ու հաստատություններին, կամ որևէ այլ աջակցություն տրամադրել այն ռեժիմին, որն ունի ավելի քան 70 քաղբանտարկյալ և բազմաթիվ անհատներ, որոնք քաղաքական հետապնդման են ենթարկվում: ԵՄ-ի և այս ռեժիմի միջև համագործակցության ցանկացած ձև պետք է իրականացվի առնվազն մեկ նախապայմանով, այն է՝ բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմամբ: Ես և մյուս քաղբանտարկյալները, ինչպես նաև բազմաթիվ HR կազմակերպությունների և այլ ՀԿ-ների հետ միասին հայտարարել և հիմնավորել ենք Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը: Միակ ուղեցույցը, որով ԵՄ-ն կարող է որոշել այդ պահանջների ճշմարտացիությունը և դատողություն անել, ԵԽԽՎ-ի կողմից սահմանված չափորոշիչներն են, որոնց հիման վրա դուք և ԵՄ-ն կարող եք քաղաքական բանտարկյալների գոյության մասին քաղաքական որոշում կայացնել:
     Ստորև ներկայացված են ԵԽԽՎ 5 չափորոշիչները, որոնցից միայն 1-ը բավարար է քաղբանտարկյալի կարգավիճակը որոշելու համար:
     «Վեհաժողովը վերահաստատում է իր հավանությունը հետևյալս ամփոփված չափանիշներին․
     «Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է «քաղբանտարկյալ», եթե
     ա․ նրա կալանքը տեղի է ունեցել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ամրագրված որևէ հիմնական երաշխիքի և նրա Արձանագրությունների(ՄԻԵԿ) խախտմամբ, մասնավորապես՝ մտքի, խղճի, կրոնի, խոսքի և տեղեկատվության ազատությունը, և հավաքների ազատությունը,
     բ. եթե կալանքը տեղի է ունեցել զուտ քաղաքական պատճառներով, առանց որևէ հանցակազմի,
     գ. եթե քաղաքական նկատառումներով կալանքի երկարությունը կամ նրա պայմանները հստակ կերպով անհամեմատելի են այն հանցանքի հետ, որով անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է դրա կատարման մեջ,
     դ. Եթե քաղաքական նկատառումներով կալանքը համեմատած այլ անձանց հետ կատարվել է խտրական եղանակով, կամ,
     ե. եթե ձերբակալությունը հստակորեն անարդար դատական գործընթացի արդյունք է, և դա տեղի է ունեցել իշխանությունների քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»:
     Եթե դուք չեք կարող որոշում կայացնել ձեզ տրամադրած տեղեկատվության հիման վրա կամ, եթե չեք ցանկանում ապավինել քաղբանտարկյալների և հասարակական կազմակերպությունների պահանջներին, ապա առնվազն ես կարող եմ ձեզ տրամադրել լրացուցիչ հսկայածավալ տեղեկություններ, թե ինչպես եմ ես քաղաքական հետապնդման ենթարկվել վերջին 5 տարիների ընթացքում, թե ինչպես եմ անօրինական կերպով, առանց որևէ իրավական հիմքի ձերբակալվել , ինչպես եմ քաղաքական հետապնման ենթարկվելով ապօրինի կերպով ձերբակալված, կալանավորված եղել նախաքննության, ինչպես նաև դատաքննության ժամանակ, վերջին 15 ամիսների ընթացքում, և վերջապես, թե ինչպես է ԵԽԽՎ 5 չափորոշիչներից 4-ը կետ առ կետ համապատասխանում իմ գործին, չնայած մեկն էլ բավական է քաղաքական բանտարկյալի իմ կարգավիճակը ապացուցելու համար։
     Ես անհամբեր կսպասեմ ձեր դրական պատասխանին և, եթե կարիք լինի կարող եմ լրացուցիչ տեղեկություն տրամադրել իմ գործի վերաբերյալ:

953 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am