Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այսօր զգացվում է մասնագետի կարիք, ով կգա, կաշխատի և բեռ չի դառնա». Մուշեղ Ավետիսյան

19:20, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
«Այսօր զգացվում է մասնագետի կարիք, ով կգա, կաշխատի և բեռ չի դառնա». Մուշեղ Ավետիսյան

Երիտասարդ գործատուների միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը համամիտ չէ, որ այսօր Հայաստանում գործատուների շրջանում համատարած պահանջ կա աշխատանքային փորձ ունեցող մասնագետների:
     «Հիմա արդեն ավելի շատ պահանջ կա, որպեսզի երիտասարդները հմտություններ ունենան: Այսօր մեզանում աշխատանք փնտրողներն ավելի շատ մտածում են միայն թե ինչ-որ տեղ աշխատանքի տեղավորվեն, աշխատավարձ ստանան, բայց ինչ պետք է անեն այդ աշխատավայրում և իրենք ինչ կարող են տալ այդ կազմակերպությանն, այս հարցն իրենց շատ հազվադեպ են տալիս կամ չեն տալիս ընդհանրապես»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուշեղ Ավետիսյանն, ում համոզմամբ` պետք է ոչ թե աշխատանք փնտրել, այլ ընտրել կազմակերպություն, որտեղ դու կարող ես որևէ ներդրում անել:
     Մուշեղ Ավետիսյանն առաջարկում է երեք կարևոր քայլ, որոնք կօգնեն գտնել աշխատանք: «Առաջինը` փնտրել ճիշտ ուղղությամբ, ոչ թե փնտրել ինչ-որ աշխատավարձի չափով: Այսօր շատերն ասում են` 150 հազարի չափով աշխատավարձ լինի, այսինչ գործը կանեմ, սա ճիշտ ուղղություն չէ: Կարող եք տեղավորվել աշխատանքի 0 դրամ աշխատավարձով, բայց մեկ տարի հետո 500 հազար աշխատավարձ ստանալ: Այստեղ կարևոր է, թե ինչ հեռանկար կա և ինչ կարող ենք տալ այդ կազմակերպությանը»,- կարծում է միության նախագահը:
     Նրա խոսքով` 2-րդ կարևոր քայլը ճիշտ ինքնակենսագրական կազմելն է: «Շատերն անգամ նշում են իրենց բնավորության գծերը, որոնք որոշում կայացնողին այդքան էլ չի օգնում: Շատ կարևոր է, որ այն լինի սեղմ, և բովանդակալից ինֆորմացիա տա միայն աշխատանքի մասին: 3-րդ կարևոր քայլը` ներդրում կարատել կազմակերպության մեջ և դրա դիմաց ստանալ որևէ գումար, այդ գումարն աստիճանաբար մեծացնել քո արդյունավետության արդյունքում և այդ ժամանակ արդեն խոսքը չի գնա գործատու-աշխատող հարաբերության, այլ կգնա ներդրում ունեցողի և նրան վճարելու գործընթացի մասին: Պետք է հասարակության մեջ մեծացնենք ձգտումը դեպի ձեռներեցություն»,- կարծում է Մուշեղ Ավետիսյանը:
     Նրա դիտարկմամբ` այսօր ավելի շատ զգացվում է ոչ թե աշխատատեղի պակաս, այլ` մասնագետի: «Մասնագետ, ով կգա, կաշխատի և քո համար բեռ չի դառնա: Մեզ մոտ դեռ սովետական միությունից մնացած սովորություն է գործում, երբ մեկի համար բարեխոսում են, որ նա աշխատանքի ընդունվի, խոսում են, թե նա ինչքան կարիքն ունի այդ աշխատանքի: Բայց գործատուին դա այդքան էլ չի հետաքրքրում, որքան այն, թե նա ինչ կարող է տալ իրեն: Մեզ մոտ բոլորը դեռ համալսարան չավարտած կարգավիճակով մտածում են, թե արդեն կայացած մասնագետ են: Թող փորձաշրջան անցնեն, հմտություններ ձեռք բերեն»,- խորհուրդ տվեց մեր զրուցակիցը:
     «Ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր ունեն սեփական բիզնես, իրենց աշխատակիցների շարքերում չեն ցանկանում ունենալ մարդկանց, ովքեր աթոռին նստած են և են սպասում աշխատավարձի»:
     Անդրադառնալով այն տեսակետին, որ մեր երկրում այս ոլորտում ևս մենաշնորհ է, և գիտական էլիտան արտագաղթում է, Մուշեղ Ավետիսյանը նկատեց, որ լավ մասնագետները չեն գնում նրա համար, որ այստեղ մենաշնորհ է, գնում են, որովհետև դրսում շուկան էլ է ավելի մեծ, հնարավորություններն էլ:
     «Աշխատանք փնտրողների շարքում շատ քիչ են ձգտող ու իրենց հմտությունները զարգացնող մարդիկ: Հայաստանում աշխատաշուկան բավարար վիճակում չէ, ձեռներեցությունն այնքան էլ զարգացած չէ: Եթե մեզ մոտ ավելի շատ զարգացնենք հասարակության այն չափը, որ նրանք մտածեն, որ գործի տեղավորվելուց բացի պետք է նաև գործ ստեղծել, եթե չխոսենք ձեռներեցության մասին, ինչպես կարող ենք գործազրկության հարցը լուծել: Չկա տարբերակ: Գործազրկությունը մեծ թիվ է կազմում Հայաստանում, բայց հիմա սովետական միության շրջան չի, որ ասենք պետությունը քիչ աշխատատեղեր է ստեղծում: Աշխատատեղեր ստեղծում են մարդիկ: Կառավարությունը, պետությունը կարող են նպաստել դրա զարգացմանը, բայց առաջին հերթին պետք է հասարակության մեջ փոխվի մի բան, մարդկանց գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվի»,- նշեց Մուշեղ Ավետիսյանը: Նրա կարծիքով, երբ ընդհանուր զարգացնենք մտածողությունն այնքան, որ յուրաքանչյուրը չմտածի միայն աշխատանքի տեղավորվելու, այլ նաև ինչ-որ բան ստեղծելու մասին, այդ ժամանակ դրական տեղաշարժ կլինի:
     Բոլոր այն մարդկանց, ովքեր շարունակ աշխատանք են փնտրում, բայց չեն գտնում, մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս առաջին հերթին գտնել իրենք իրենց, հոտո նոր աշխատանք: «Երբ մարդ ինքն իրեն դեռ չի գտել, բնականաբար աշխատանք չի կարող գտնել: Ամեն մարդ ապրում է այն կերպ, ինչին որ հավատում է: Հավատում ենք, որ անարդարություն է, ապրում ենք այդ անարդարության մեջ, եթե մենք հավատանք, որ միայն ծանոթ-բարեկամներով են աշխատանքի ընդունում, մենք անգամ աշխատանք չենք փնտրի, տեղում կստենք, իսկ եթե հավանք, որ մասնագետը միևնույն է իր տեղը գտնելու է, նա կդառնա մասնագետ և կգնա առաջ: Այդ համոզմունքներն են, որ կարծրացած են մեր մեջ և չեն թողնում մեզ առաջ գնալ: Դժգոհելը շատ հեշտ է, բայց այդ ժամանակահատվածում մենք կարող ենք ստեղծել որևէ դրական արժեք, որն ավելի օգուտ կտա մեզ, քան բողոքերը: Բոլորս ուզում ենք, որ կառավարությունն ու մեզ շրջապատող մարդիկ լինեն արդյունավետ, բայց մեր արդյունավետության մասին լռում ենք»,- ամփոփեց Մուշեղ Ավետիսյանը:

5704 | 0
Facebook