Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը՝ Մերձավոր Արևելքի «նոր տիրակալ». Bloomberg

13:45, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
«Պուտինը՝ Մերձավոր Արևելքի «նոր տիրակալ». Bloomberg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացիորեն ձեռք է բերել Մերձավոր Արևելքի նոր տիրակալի տիտղոսը, և այդ տարածաշրջանի երկրների առաջնորդներն արդեն մաշեցրել են դեպի Կրեմլ տանող ուղիները, գրում է Bloomberg-ը: Լրատվականը նկատում է, որ այդ ամենի հիմնական մեղավորը Միացյալ Նահանգներն է, որի քաղաքականությունը շատ գործընկերների ստիպում է շրջվել դեպի Մոսկվա, բայց գոհացնել բոլոր նրանց, ովքեր աջակցություն են փնտրում Ռուսաստանում, ծայրահեղ դժվար է, զգուշացնում են լրատվականի փորձագետները:
     Իսրայելցիները, թուրքերը, եգիպտացիները և հորդանանցիներիը վաղուց են հարթել դեպի Կրեմլ տանող ճանապարհը՝ հուսալով, որ Մերձավոր Արևելքի նոր տիրակալ Պուտինը կպաշտպանի իրենց շահերը: Այժմ հերթի է կանգնել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը, ով երկրի միապետերից առաջինն էր, որ այցելեց Մոսկվա: Նրա այցի առանցքային նպատակը Ռուսաստանի մերձավոր դաշնակից և Պարսից ծոցի շատ երկրների արյունարբու թշնամի Իրանի «հնազանդեցումն» Էր:
     Մինչև վերջին ժամանակները վերը նշված բոլոր երկրների առաջնորդներն իրենց խնդիրների լուծումը փնտրում էին Վաշինգթոնում, բայց այժմ ԱՄՆ ազդեցությունը Մերձավոր Արևելքում էականորեն նվազել է, ու Ռուսաստնն այնտեղ որոշ արդյունքների է հասել: Այդ մասին են վկայում նաև Սիրիայում Ռուսաստանի ռազմագործողությունների արդյունքները, որոնցով, չնայած ԱՄՆ-ի պահանջների, ամրապնդվել են Բաշար Ասադի դիրքերը:
     Լրատվականը նկատում է, սակայն, որ հաջողությունն էլ իր խնդիրներն է ծնում: «Միմյանց հակասող պահանջներն աստիճանաբար ավելանում են, և Մոսկվայի համար բարդ է լինելու իր բոլոր այցելուներին գոհացնելը»,- կարծիք է հայտնել Դենիս Ռեսն, ով նախկինում գլխավորել է Մերձավոր Արևելքում խաղաղ բանակցությունների ամերիկյան խմբերը:
     Սառը պատերազմի տարիներին Մոսկվան բավական մեծ ազդեցություն ուներ Մերձավոր Արևելքում: Նա զինում էր Իսրայելի դեմ պայքարող արաբական պետություններին:
     Մոսկվայի ազդեցությունն անհետացավ ԽՍՀՄ փլուզումից հետո, և այդ ժամանակ Միացյալ Նահանգները ներխուժեց Իրաք՝ Սադամ Հուսեյնին տապալելու նպատակով: Ռուսաստանը մնաց դիտորդի դերում: Իրավիճակը փոխվեց 2013-ին, երբ ԱՄՆ-ը Բարաք Օբամայի ղեկավարությամբ որոշեց չհարձակվել Ասադի վրա՝ չնայած Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները վստահ էին, որ Ասադը պետք է լքի իր պաշտոնը: «Նրանք խոր հիասթափություն ապրեցին, երբ Ամերիկան հրաժարվեց կիրառել իր ռազմական ուժը, իսկ 2 տարի անց՝ 2015-ին, Պուտինն իր զորքերն ու օդուժն ուղղեց սիրիական բռնակալի պաշտպանությանը»,- ասվում է հոդվածում:
     «Ռուսաստանի ազդեցությունն ուժեղացավ, քանի որ դա թույլ տվեց Օբաման,- վստահ է Պրոֆեսոր Հալադ Բաթաևֆին:- Ցավոք, Օբաման դուրս բերեց ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքից:
     Այս տեսակետը շատերն են կիսում: Նման կարծիքի է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն, ով տարիներ շարունակ ամերիկացիներին համոզում էր տապալել Ասադին: Ամերիկացիների հետ բանակցություններն արդյունք չտվեցին, հետևաբար, Թուրքիան այժմ միացել է Ռուսաստանին և Իրանին: Հատկանշական է, որ նախորդ շաբաթ ՌԴ նախագահը մեկնել է Անկարա՝ իր թուրք գործընկերոջ հետ ընթրելու, ով, հակառակվելով ՆԱՏՕ-ին, համաձայնել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերել, շեշտում է լրատվականը:
     Ամերիկայի մերձավորարևելյան դաշնակիցները ողջունեցին ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը, գնահատեցին նրա հայտարարություններն ընդդեմ Իրանի, բայց Թրամփը ևս շարունաում է Օբամայի քաղաքականությունը՝ կենտրոնանալով միայն ահաբեկիչների դեմ պայքարի վրա: Այսպիսով, Սիրիայում ԱՄՆ առաջնահերթությունները փոխվել են, Ասադի հրաժարականն այլևս չեն պահանջում:
     Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրները Ռուսաստանից պահանջում են սահմանափակել Իրանի դերը Սիրիայում: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Պուտինը չի փոխի Իրանի հանդեպ իր դիրքորոշումը:
     Իրանի հարցում Ռուսաստանի առաջնորդի տեսակետը չի կարողացել փոխել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով վերջին 1.5 տարվա ընթացքում 4 անգամ եղել է Մոսկվայում:
     Մոսկվան չի ընդունել նաև Վաշինգթոնի պահանջները:
     Եզրափակելով՝ լրատվականը նկատում է, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իր դիրքերը հզորացրեց այն ժամանակ, երբ ամերիկյան քաղաքական իշխանությունն սկսեց ակտիվորեն զբաղվել Ասիայով, իսկ ամերիկյան հանրությունը հոգնեց մերձավորարևելյան պատերազմներից, ինչը ըդունում են և՛ Օբաման, և՛ Թրամփը: «Վաշինգթոնը շարունակում է անփոփոխ ուժ մնալ այդ տարածաշրջանում, բայց նրա հակվածությունն ավանդական դաշինքնրին թուլանում է, ինչի պատճառով էլ տարածաշրջանային առաջնորդները, փորձելով ապահովագրվել, լրացուցիչ տարբերակներ են որոնում: Այսօր այդ տարբերակը Կրեմլն է»,- որպես ամփոփում՝ ասել է Eurasia Group-ի մերձավորարևելյան բաժնի ղեկավար Այհամ Քամիլը:

10970 | 0
Facebook