Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանի իշխանություններն ինձ չեն ստիպի լռել». Հադիջա Իսմայիլովա

17:20, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Ադրբեջանի իշխանություններն ինձ չեն ստիպի լռել». Հադիջա Իսմայիլովա

Ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովան, ով բազմաթիվ հրապարակումներ ու նյութեր է պատրաստել Ադրբեջանում տիրող կաշառակերության և մարդու իրավունքների խախտման մասին, շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամի կողմից «Արդար կենսակերպի համար» մրցանակ է ստացել: Այդ մրցանակը հաճախ անվանում են Նոբելյան մրցանակի այլընտրանք: Իսմայիլովային պարգևատրել են «քաղաքական բարձր մակարդակներում կաշառակերության բացահայտման գործում ցուցաբերած արիության և կամքի համար»:
     2014թ. դեկտեմբերին Հադիջան ձերբակալվել է, նրան մեղադրել են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ անօրինական գործունեության համար: Ավելի ուշ նա 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն ճնշուների արդյունքում լրագրողն 2016թ. ազատ է արձակվել: Գերմանական DW-ի հետ զրույցում Իսմայիլովան պատմել է ազատազրկման մեջ անցկացրած օրերի, այս մրցանակի կարևորության և ադրբեջանական իրականության մասին:
     «Ես այս պարգևն ընդունում եմ բոլոր այն լրագողների անունից, ովքեր հիմա անազատության մեջ են, և այն գործընկերների անունից, ովքեր, չնայած բազմաթիվ խոչընդոտների, շարունակում են զբաղվել ճշմարտության որոնումներով»,- ասել է Հադիջան՝ նշելով, որ իրեն ոչինչ այդքան չի վնասում, ինչքան իր պետությունից եկող սպառնալիքը:
     Խոսելով իր ազատազրկման և ժամանակից շուտ ազատ արձակման մասին՝ Հադիջան նշել է, որ Ադրբեջանի համար իր՝ անազատության մեջ գտնվելը գլխացավանք կդառնար: «Իշխանությունները հույս ունեին, թե ինձ նստեցնելուց հետո իմ գործընկերները կդադարեցնեն լրագրողական հետաքննությունը, նման բան չեղավ: Կառավարության հասցեին քննադատություններ եղան նաև արտասահմանից»,- հավելել է լրագրողը:

Հարցին՝ ինչն այն չէ Ադրբեջանում, Իսմայիլովան պատասխանել է. «Ադրբեջանը կառավարում են այնպես, ասես թե այն իրենց ընտանեկան բիզնեսն է: Իմ հետաքննությունները ցույց են տվել, որ նախագահն ու իր ընտանիքը հարստություն են դիզում երկրի տնտեսության մոնոպոլիզացիայի հաշվին: Նրանք Ադրբեջանի գլխավոր կաշառակերներն են: ...Նրանց չի հաջողվի լռեցնել ինձ, դա իմ կայնքի սկզբունքն է»:
     Վերջում Հադիջան հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ Ադրբեջանում մամուլն ազատ կլինի:

7064 | 0
Facebook