Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սկանդալ Շիրակի պետական համալսարանում. ռեկտորն աշխատանքից ազատում է Վարդևան Գրիգորյանի մարդկանց. «ՀԺ»

09:55, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Սկանդալ Շիրակի պետական համալսարանում. ռեկտորն աշխատանքից ազատում է Վարդևան Գրիգորյանի մարդկանց. «ՀԺ»

«Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրավիճակ է: Այս մասին քիչ առաջ armtimes.com-ի խմբագրություն ահազանգեց Շիրակի պետական համալսարանի ընդհանուր բաժնի նախկին վարիչ և ռեկտորի ընդունարանի նախկին գործավարուհի Լենա Խաչատրյանը և տեղեկացրեց, որ գործող ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն իրեն անհիմն ազատել է աշխատանքից:

«2016-ին եկավ պարոն Մինասյանը և մեկ ամիս անց սկսեց հաշվեհարդար տեսնել: Ասում էր`սրա հետ ես կանգնած, նրա հետ ես խոսում և այլն: Անձնական վիրավորանքներ էր ինձ հասցնում: 2016 թվականին ինչ-որ ծանուցում կորավ: Դա պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի ծանուցումն էր, որը ես չեմ տեսել: Դա կադրերի բաժնի աշխատանքի մեջ է մտնում: Այդ ծանուցումն իր համար պարզապես պատրվակ եղավ, որ ինձ աշխատանքից ազատի: Մինչև 2016 թվականի դեկտեմբերի վերջ ինձ ասում էր`գող ես, ծանուցումը դու ես գողացել: Ես ամեն օր լացով աշխատանքի եմ գնացել, լացով հետ եմ եկել: 2017 թվականի հունվարին Մինասյանը, ուսումնամեթոդական վարչության պետը և ռեկտորի օգնական Անահիտ Հովհաննիսյանը կանչեցին և ասացին, որ դիմում գրեմ: Նրանց ասացի, որ չեմ ուզում գրել, ազատվել, քանի որ ծանուցումը ես չեմ վերցրել: Մինասյանի օգնական Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ մենք գիտենք, որ դու չես վերցրել, մեզ քո պաշտոնն է պետք, գրի, ազատվի: Նրանք ինձ ազատել են ու ծանուցման մեջ գրել են`նոր հաստիքացուցակով Ձեր մասնագիտությանը համապատասխան աշխատանք չենք կարողանում առաջարկել: Սահակ Մինասյանը գիտխորհրդի նիստի ժամանակ ասել է, թե մի հոգի կար`չխաղաց մեր խաղի կանոններով, ազատեցինք: Ինչո՞ւ բուհը կազինո է: Նրանք ինձ ազատել են և պատճառաբանում են, որ ես նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի մարդն եմ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լենա Խաչատրյանը:

Լենա Խաչատրյանն ասում է, որ դեռ 15 տարի կա իր կենսաթոշակային տարիքը լրանալուց, բայց Մինասյանը դա հաշվի չի առել:

«Ասում եմ, որ ես կբողոքեմ, պատասխանում է` դու քեզանից ինչ ես ներկայացնում, որ իմ դեմ բողոքես: Ասում է` քեզ էլ նայի, ինձ էլ նայի, ես թիկունք ունեմ, Արման Սահակյանն (ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր) իմ թիկունքն է: Նրա խոսքով`եթե ուզում ես ինստիտուտում աշխատել, պետք է իր համար տվյալներ հավաքես, տանես իրեն ներկայացնես: Ինձանից էլ էր տվյալներ ուզում»,- ասում է Խաչատրյանը:

ՇՊՀ-ի նախկին աշխատակցուհին նաև պատմում է, որ Սահակ Մինասյանը բուհում աջ ու ձախ աշխատանքի է տեղավորում իր բարեկամներին:

«Բարեկամներին, քավոր-սանիկներին բերել գործի է լցրել: Նրա քրոջ որդին`Միրզոյան Նարեկին տեղավորել է մեզ մոտ իրավաբան, և ստանում է 350 հազար դրամ աշխատավարձ, Նարեկի կնոջն ընդունել է աշխատանքի մշակույթի վարժարանում՝ որպես կազմակերպիչ: Մինասյանի գործավարուհին ստանում է 300 հազար դրամ, իսկ օգնականը`Անահիտ Հովհաննիսյանը, ստանում է 400 հազար դրամ: Այն դեպքում, երբ գիտության թեկնածու դասախոսները ստանում են 30-40 հազար դրամ: Բերել է ռեկտորի խորհրդական, ո՞րն է դրա գործառույթներն, ականջ դնե՞լը: Խորհրդականն էլ Սերգեյ Շահպարոնյանն է`իր երեխաների քավորը: Ինքն էլ ինչ-որ Արմեն Ղանդիլյանի քավորն է, դրան էլ բերել է գնումների համակարգող, բայց ազատել է նախկին աշխատակցին: Իմ տեղն էլ ընդհանուր բաժնի վարիչ է բերել, որը 26 տարեկան աղջիկ է և մտերիմ է իր մարդկանց հետ», -ասում է նախկին աշխատակցուհին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5188 | 0
Facebook