Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաղվանից Իրաքի Քրդստանի տարածաշրջանի իշխանությունները փորձելու են ճեղքել ցամաքային և օդային շրջափակումը». Վարդան Ոսկանյան

21:15, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
«Վաղվանից Իրաքի Քրդստանի տարածաշրջանի իշխանությունները փորձելու են ճեղքել ցամաքային և օդային շրջափակումը». Վարդան Ոսկանյան

Վաղվանից սկսած Իրաքի Քրդստանի տարածաշրջանի իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձելու են ճեղքել արդեն իսկ մասնակիորեն սկսված ցամաքային և օդային շրջափակումը, որն իրականացվում է Իրաքի կենտրոնական իշխանության, Իրանի և Թուրքիայի ջանքերով:

Ուշագրավ է, որ ի տարբերություն իրանցի պաշտոնյաների դիվանագիտական էթիկետի սահմանները չխախտող հայտարարությունների, նույնիսկ Թուրքիայի նախագահի կողմից Քրդստանի տարածաշրջանի իշխանության հասցեին հնչեցված ամենախիստ և սպառնալից հայտարարություններից հետո էլ, Էրբիլը՝ որպես շրջափակման օղակի ամենախոցելի հատված, շարունակում է դիտարկել հատկապես թուրքական ուղղությունը:

Սրանով է պետք պայմանավորել այն հանգամանքը, որ Քրդստանի ինքնավարության վարչապետ Նեճիրվան Բարզանին հենց հանրաքվեի ընթացքում հայտարարում է, որ Թուրքիան տարածաշրջանում Քրդստանից ավելի լավ բարեկամ չունի և որ Թուրքիայի հետ որոշ խողովակներով շարունակվում են շփումները:

Ակնհայտ է, որ, չնայած իրավիճակային բնույթ կրող ներկա գործակցությանը, մի կողմից Թեհրանի և Բաղդադի, իսկ մյուսից՝ Անկարայի միջև, քրդական հիմնախնդրում չկա շահերի լիակատար համընկնում, և այդ համատեքստում Էրբիլը փորձելու է առաջին հերթին միգուցե ոչ դեկլարատիվ, սակայն առանձին համաձայնության գալ Թուրքիայի հետ, թե որքան հաջող, ցույց կտա ապագան:

5898 | 2
Facebook