Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իգլայի» գործով վկան մանրամասներ է ներկայացրել փողերի լվացման վերաբերյալ

13:15, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
«Իգլայի» գործով վկան մանրամասներ է ներկայացրել փողերի լվացման վերաբերյալ
     Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօր դատարանը որպես վկա հարցաքննել է Համիկ Իխտիարյանին: Վերջինը աշխատում է բանկում և ճանաչում է գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին, ով նրան դիմել է վնասված՝ գունավորված թղթադրամների հարցով: «Դավիթ Հարությունյանը հետաքրքրվում էր, թե ոնց կարող է վնասված 20 եվրոյանոց թղթադրամները հանձնել, ինձ էլ տեղեկացրել է, որ մոտ 4-5 հազար եվրո կա վնասված, այդ գումարները թանաքոտված էին»,- պատմել է Համիկ Իխտիարյանը՝ հավելելով, որ Դավիթ Հարությունյանն իրեն չի ասել, թե որտեղից ձեռք բերել այդ վնասված եվրոները:
     Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաև փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:
3710 | 6
Facebook