Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Երևանի մասին օրենքի նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից. այն մշակողները գործել են «գեղից մարդ չկա» սկզբունքով». Ա․ Բախշյան

14:05, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
«Երևանի մասին օրենքի նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից. այն մշակողները գործել են «գեղից մարդ չկա» սկզբունքով». Ա․ Բախշյան

Ազգային Ժողովում երկրորդ ընթերցման է պատրաստվում «Երևանի տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որը մշակել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: «Մշակել» բայը հատուկ եմ շեշտում, որովհետև օրենքի հիմնավորման մեջ այդ բառն են օգտագործել նախագծի հեղինակները:

Ինչպես գրված է ներկայացված նախագծի հիմնավորման մեջ, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով ընդունված Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության 9-րդ գլխում տեղ գտած իրավակարգավորումների և ընդհանուր առմամբ այդ գլխով սահմանված հոդվածների տրամաբանության հետ համապատասխանեցմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները՝ փոփոխությունների ու լրացումների տեսքով անխուսափելիորեն պետք է ամրագրվեն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում»: «Ամրագրել» բայն էլ ունի մեկ իմաստ, Սահմանադրության պահանջը վերցնել ու ամուր գրել, այսինքն «գրել» այս օրենքում և հատկապես այս պարագայում, չի կարող փոխաբերական իմաստ ունենալ:

ՀՀ նոր Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածները տեղական ինքնակառավարման ոլորտում այն չնչին բարեփոխումներն էին, որն առաջարկում էր նոր Սահմանադրությունը, բայց արի ու տես, որ ՀՀ Մայր օրենքում գրված իրավական պահանջները, որոնք որպես իրավունք պետք է տրվեն համայնքի բնակիչներին՝ տեղական ինքնակառավարմանը նրանց մասնակցությունն ապահովելու համար, որոնք պետք է հստակեցնեն ու գծեն համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակը, որպեսզի ինքն իրեն համայնքի միանձնյա տեր ու տիրական չզգա ու հասկանա, որ պատասխանատու է ավագանու առջև, հերթական անգամ, կարծես դիտավորյալ, պարզապես ներառված չեն այս փոփոխություններում: Նախագծի հեղինակներն այս գործն արել են, որ ընդամենն ասեն՝ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցրել ենք, բայց դե «գեղից մարդ չկա» սկզբունքով մտածել են, ո՞վ պիտի կարդա ու խորանա բովանդակության մեջ:

Գործող իշխանության կողմից Օրենքի նկատմամբ քամահրական վերաբերմունքի հերթական օրինակն է սա, ընդունված գործելակերպ, ու փաստ է, որ սահմանադրական ցանկացած պահանջ միայն Սահմանադրության գրքի թղթերի վրա են գրված բավական չէ, դրանք Երևանի մասին օրենքի թղթի վրա անգամ չեն ուզեցել ամրագել: Նախագծի «փոփոխության» մշակներն ընդամենը մեխանիկական փոփոխություններն են արել ու չնայած գրել են «անխուսափելիորեն պետք է ամրագրվեն» , այդպես էլ չեն ամրագրել ՀՀ սահմանադրության հետևյալ կարևոր կետերը.

87-րդ հոդվածը . Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները: Չկա:

179-րդ հոդվածը. «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»: Չկա:

183-րդ հոդվածը. «Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով»։ Չկա:

182-րդ հոդվածի 4-րդ կետը. «Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև»: Չկա:

Այնինչ, այսօր համայնքների ղեկավարներն իրենց ապօրինի կարգադրություններով ուղղակի սահմանափակում են ավագանու անդամի իրազեկված, տեղեկացված լինելու ու իրավունքը:

Էլ չեմ ասում այն մասին, որ չնայած հիմնավորման մեջ գրել են, թե սույն օրենքի նախագիծն անդրադառնում է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծից բխող փոփոխություններին եւ լրացումներին, երևի, ուղղակի մոռացել են անդրադառնալ ու ավագանու և համայնքի ղեկավարի ՏԻՄ օրենքով սահմանված նոր լիազորություններն ուղղակի չեն ամրագրել այս նախագծում:

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներն այս օրենքի նախագծում արդեն ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ ու մենք ամբողջ թիմով հետամուտ ենք լինելու, որպեսզի դրանք անխուսափելիորեն ամրագրվեն այս օրենքում և ավագանին, որպես Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, իսկապես դառնա համայնքի ղեկավարի գործունեությունը վերահսկող:


     Անահիտ Բախշյան
     Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

1215 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am