Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀՖՖ-ն այնպես է անում, որ ֆուտբոլը քանդվում է». Արկադի Անդրիասյան

19:30, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
«ՀՖՖ-ն այնպես է անում, որ ֆուտբոլը քանդվում է». Արկադի Անդրիասյան

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել «Արարատ» թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրիասյանին 2 տարով զրկել ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից։ MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց լեգենդար ֆուտբոլիստի և մարզչի հետ՝ մանրամասներն իմանալու համար։

-Պարո՛ն Անդրիասյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՖՖ-ի՝ Ձեզ որակազրկելու որոշումը։

-Նորմալ չէ դա։ Այդքան բան։ Եթե ամեն մրցավար գա և ասի գնացեք տրիբունա, դա նորմա՞լ է։ 4 դեղին քարտ է տվել, որոնցից 3-ը մեր ֆուտբոլիստներին՝ խոսելու համար։ Նորմա՞լ է։ Ինչո՞ւ է խոսելու համար դեղին տալիս։ Ֆուտբոլիստը հարցնում է, թե ինչո՞ւ է հօգուտ մրցակցի իրենց դեղին քարտ ցույց տալիս, մրցավարն իրեն է դեղին տալիս։ Միթե անարդար չէ, որ 5 խաղում մեր ֆուտբոլիստներին 16 դեղին քարտ են ցույց տվել։ Բողոքարկե՞նք։ Ի՞նչ իմաստ ունի։ Անընդհատ հո չենք բողոքարկի։ Մեր դեմ են դատում, մրցակիցներին օգնում են։ Մեր ֆուտբոիստներին խանգարում են։ Մեր ֆուտբոլիստների ոտքերին խփում են, տուգանային անգամ չեն նշանակում մեր օգտին։ Ինչի մասին է խոսքը։

-Ի՞նչ եք մտադիր անել, որ Ձեր ֆուտբոլիստների հանդեպ անարդար չվարվեն։

-Չգտեմ ինչ պետք է անել։ Պետք է, երևի, ավելի բարձր մարդկանց ասենք, որ ֆուտբոլում անընդհատ այս վիճակն է։

-Բարձր մարդիկ ասելուվ ո՞ւմ նկատի ունեք։

-Դա մեր գործն է, թե ում նկատի ունենք։ ՀՖՖ-ն իրեն այսպես է պահում, սա փաստ է։ Հո իրենց չենք բողոքի, որ անընդհատ այդ որոշումներն են տալիս, մրցավարներն այդպես են իրենց պահում։ Ի՞նչ իրավունքով է մրցավարն ինձ ասում․ «Գնացեք տրիբունա նստեք»։ Ինչ տրիբունա նստելու մասին է խոսքը։ Իր ասելո՞վ է։ Իրեն ոչ ոք չի վիրավորում, բայց նա այդպես է ասում։ Ինչո՞ւ պետք է հանդուրժենք։ Ինչո՞ւ պետք է նրանք իրենց այսպես պահեն։ Մրցավարը մեղավոր է։ Մեզ խանգարելու ճանապարհ է գտել, հա՞։

-Այս գործողությունների մեջ Ձեր անձի նկատմամբ այլ միտումներ չե՞ք տեսնում։

-Տեսնում եմ, ինչո՞ւ չեմ տեսնում։ Մեր ֆուտբոլի և «Արարատ»-ի հանդեպ։ Ես «Արարատ»-ի մի մասն եմ։ Նման վերաբերմունք է ցուցաբերվում, որպեսզի «Արարատ»-ը չբարձրանա վերև։ Որ Անդրիասյանի թիմը լավ է խաղում, կսկսեն խոսակցությունները։ Սա հո նորություն չէ։

-Թշնամինե՞ր ունեք։

-Թշնամիները ո՞րն է․․․ Նրանք այնպես են անում, որ ֆուտբոլը քանդվում է։ Կարող են աչք փակել շատ բանի վրա, բերաններ փակել։ Շեղում են մարդկանց լուրջ խնդիրներից։ Նրանք իսկական ֆուտբոլից հեռու մարդիկ են։

-Նրանք ասելով ո՞ւմ նկատի ունեք։

-Նրանք ասելով ՀՖՖ-ին, ֆեդերացիայի աշխատակիցներին նկատի ունեմ։ Բոլորն էլ լավ գիտեն, թե ով է որոշում կայացնողը։ Իմ մեջ չկա թշնամություն, իրենց մեջ կա։ Ես իմ գործն եմ անում, այդքան բան։ Կարմիր կովն իր կաշին չի փոխի։ Նրանք ոչնչի մասին չեն մտածում։ Թե ազգային հավաքականը ո՞նց կխաղա, երիտասարդականը․․․ պատանեկանը․․․ Դա նրանց չի հետաքրքրում, դրա համար էլ այս վիճակն է։ Հարգանք չկա երկրպագուների նկատմամբ։ Մոռանում են, որ ֆուտբոլը երկրպագուների համար է։ Ինչո՞ւ մարդիկ մարզադաշտ չեն գալիս։ Ինչո՞ւ է 6 թիմ մնացել առաջնությունում։ Մեր ֆուտբոլի ապագայի մասին մտածեք։ Մեր երկրպագուների մասին մտածեք։ Մեր երկրպագուները հոգնել են այսպիսի ֆեդերացիա պահելուց։ Մարդիկ հոգնել են։
    
     Վերջում պարոն Անդրիասյանն ավելացրեց, որ մինչև մրցաշրջանի ավարտը կաշխատի «Արարատ»-ի հետ, իսկ հետո կավարտի մարզչական կարիերան։
    
     Կատարինե Այդինյան

5175 | 1
Facebook