Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգության տեղիք են տալիս: Վարչապետը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների վերաբերյալ հանձնարարական է տվել: «ՀՀ գյուղատնտեսության, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարարում եմ, իսկ ԱՎԾ պետին առաջարկում եմ երկշաբաթյա ժամկետում ամփոփել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում, անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին: Մենք օգոստոս-օգոստոս համեմատության մեջ բոլոր ոլորտներում ունենք աճ բացի գյուղատնտեսությունից ու շինարարությունից, գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ թվերը հասկանանք, շատ ուշադիր անդրադառնում ենք դրան»,- նշել է վարչապետը։