Եվրոմիությունն իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հորդորել է հրաժարվել անկախության հանրաքվե անցկացնելու գաղափարից՝ այն ապակառուցողական որակելով: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Եվրոմիությունը հիշեցնում է, որ աջակցում է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասել է պաշտոնյան:
Իրաքյան Քուրդիստանում անցկացվելիք անկախության հանրաքվեին է անդրադարձել նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա խուսափել է հրապարակել Կրեմլի պաշտոնական տեսակետը Քուրդիստանում անցկացվելիք անկախության հանրաքվեի վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Մոսկվան միշտ պնդել է, որ անհրաժեշտ է պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը:
Միացյալ Նահանգներն ավելի վաղ Քուրդիստանին հորդորել էր հետաձգել անկախության հանրաքվեն:
Նշենք, որ Քուրդիստանի անկախության հանրաքվեն նախատեսված է անցկացնել 2017թ. սեպտեմբերի 25-ին: