Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանությունները, վախենալով սփյուռքահայերի մոտ քաղբանտարկյալների վերաբերյալ իրազեկումներից, մեզ բերման են ենթարկում». Սյուզան Սիմոնյան

15:05, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
«Իշխանությունները, վախենալով սփյուռքահայերի մոտ քաղբանտարկյալների վերաբերյալ իրազեկումներից, մեզ բերման են ենթարկում». Սյուզան Սիմոնյան

Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ իրեն ոստիկանության բաժանմունք չեն տարել, այլ կես ճանապարհին իջեցրել են ոստիկանական մեքենայից: «Ոստիկաններն առանց պատճառաբանություն ներկայացնելու, ինձ զոռով շպրտեցին ոստիկանական մեքենայի մեջ, այնտեղ իմ ինքնազգացողությունը վատացավ: Որոշ ժամանակ անց, ինձ ուղեկցող ոստիկանը հեռախոսազանգ ստացավ, ներկայացրեց ստեղծված իրավիճակն, այնտեղից իրեն հրահանգեցին, որ ինձ ոստիկանական բաժանմունք չտանեն: Ոստիկանության աշխատակիցն ինձ տեղեկացրեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ինձ չպետք է բերման ենթարկեին, և ես արդեն ազատ եմ: Ոստիկաններին ասացի, որ ինձ տանեն բաժին՝ իրենց կիրառած բռնությունների մասին հայտարարություն տալու համար, բայց նորից բռնի ուժ կիրառելով՝ ինձ իջեցրին մեքենայից»,- մանրամասներ է ներկայացրել Սիմոնյանը՝ հավելելով, որ այսօր տեղի ունեցած դեպքի առնչությամբ պետք է փաստաբանների հետ զրույցի, որից հետո համապատախան քայլեր կիրականացնի: Դիտարկմանն՝ ինչ է կարծում, ինչու իրեն ոստիկանական բաժանմունք չեն տարել, Սիմոնյանն ասել է. «Կարծում եմ՝ իշխանությունները տեսնում են, թե ինչպիսի հանրային հնչեղություն են մեր ակցիաները ստանում, և որպեսզի աղմուկ չլինի, այդ քայլին դիմեցին, բացի այդ նրանք վախենում են սփյուռքահայերի արձագանքից: Ես այսօր Սեֆիլյանի պաստառը բացել եմ Հանրապետության հրապարակում կայանած ավտոբուսների մոտ, որտեղ հավաքված էին Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները և տարբեր լեզուներով նրանց իրազեկել եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Այդ ամենից հետո ինձ տարածքից բերման են ենթարկել: Իշխանությունները վախենում են, որ սփյուռքահայերը կիմանան ճշմարտությունը և քայլեր կձեռնարկեն»:

3230 | 0
Facebook