Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վճարովի շտապօգնության հարցն արդիական է». ինչպես է նախարարի այս հայտարարությանն արձագանքում Դանիել Իոաննիսյանը

17:05, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
«Վճարովի շտապօգնության հարցն արդիական է». ինչպես է նախարարի այս հայտարարությանն արձագանքում Դանիել Իոաննիսյանը

«Հայաստանի իշխանությունները նպատակ հետապնդելով Հայաստանում օդն ավելի մաքուր դարձնել, պետք է վճարովի դարձնեն շնչելը: Եվ մարդիկ ամեն անգամ շնչել-արտաշնչելուց մտածեն` ուզո՞ւմ են շնչեն-արտաշնչեն, թե՞ ոչ: Շտապօգնությունը վճարովի են դարձնում, թող շնչելն էլ վճարովի դարձնեն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությանն, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
     Հիշեցնենք՝ Tert.am-ի հետ զրույցում Լևոն Ալթունյանն ասել էր, որ վճարովի շտապօգնության հարցն արդիական է. «Իսրայելի պես երկրում կանչերից միան 10-15 %-ն է, որ անվճար է. այն կանչերը, որոնք հնարավոր է դասել անհետաձգելի ու շտապ բուժօգնության կարիք ունեցողների շարքը: Այնպիսի կանչերն, ինչպիսիք են ճնշում չափելու, սրսկում կատարելու, զրուցելու, ջերմություն իջեցնելու անհրաժեշտությունը՝ այն կանչերը, որոնք ի սկզբանե պետք է կատարվեին առաջնային օղակի կողմից՝ ոչ շտապ կերպով, վճարովի են: Եթե հաճախորդը ցանկանում է այդ օգնությունը ստանալ շտապբուժօգնության բրիգադայի կողմից, նա պետք է վճարի»,- նշել էր նախարարը՝ հավելելով. «Ես հեռու եմ մտքից, որ վաղը շտապօգնությունում մեր կանչերի 90 %-ը կդարձնենք վճարովի, բայց որ միայն զրուցելու կամ վատ տրամադրության համար շտապօգնություն զանգողներին կրթելու հարցն արդիական է, դա փաստ է»:
     «Ես առաջարկում եմ վճարովի դարձնել ապուշ առաջարկներ անելը: Ամեն անգամ, երբ որ կառավարությունն ապուշ առաջարկ է անում, թող այդ ապուշ առաջարկ անողը պետբյուջե փող մուծի, լավ կհարստանանք»,- ասաց մեր զրուցակիցը:
     Դիտարկմանը, թե այսօր էլ կան մարդիկ, որ շտապօգությանը վճարում են առաջին օգնություն ցուցաբերելու համար, նկատեց, որ այսօր, ամեն դեպքում, մարդը չի վախենա շտապ օգնություն կանչել խնդիր ունենալուց, բայց հետագայում, եթե իսկապես վճարովի դառնա, ի՞նչ են անելու նրանք, չե՞ն ասելու` որ ես փող չունեմ, ինչպես եմ շտապօգնություն կանչելու:
     Դ. Իոաննիսյանը նշեց, որ այսօր առողջապահության ոլորտում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է բարձրացնել և լուծում տալ, իսկ նման առաջարկներն օրակարգ բերելն անլուրջ է:

4430 | 0
Facebook